ՏՏՀ/Մանկական սենյակ
ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ, երեխաներին հատկացնում են մեկուսացված, լուսավոր, ցանկալի է արևահայաց սենյակ։ Մ.ս–ում երեխան քնում է, պարապում, խաղում, նկարում, դեռահասները ձայնագրություններ են լսում, զբաղվում լուսանկարչությամբ, ռադիոտեխնիկայով, մոդելավորմամբ։ Ուստի, Մ. ս. կահավորելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքը և հնարավորին չափ ընդարձակ տարածություն հատկացնել աշխույժ խաղերի համար։ Մ. ս-ում ոչ մի ավելորդ իր չպետք է լինի։ Եթե ընտանիքում երկու երեխա կա, նախընտրելի է ծալովի կահույքը (օրինակ, ցերեկը հավաքվող մահճակալներ)։ Հարմար են նաև պատի տափակ պահարանի մեջ ներկառուցված բացովի մահճակալները։ Օգտագործում են նաև երկհարկանի մահճակալներ։ Անվտանգության համար վերևի մահճակալի եզրերին ճաղաշար են ամրացնում։ Մ. ս. սովորական մահճակալներով կահավորելիս դրանց միջև կարելի է տեղավորել սպիտակեղենի ցածր պահարան։ Գերադասելի է մահճակալների անկյունային տեղադրումը։ Խորհուրդ չի տրվում մահճակալները դնել երկու զուգահեռ պատերի երկայնքով դեմ դիմաց, քանի որ առաջանում է երկար անհրապույր միջանցք։ Սենյակի բավարար լայնքի դեպքում (3 մ և ավելի) մահճակալներից մեկը կարելի է դնել երկայնական պատին ուղղահայց։ Դա հնարավորություն կտա սենյակը բաժանել տարբեր նպատակների համար նախատեսված հատվածների (պարապելու համար՝ լուսամուտի մոտ, քնելու համար՝ խորքում)։ Սենյակը կարելի է հատվածների բաժանել նաև լայնքով դրված երկու ցածր բաժանմունքավոր պահարաններով։ Շատ կարևոր է պարապելու անկյունի ճիշտ կահավորումը։ Դպրոցականների պարապմունքների համար անհրաժեշտ են գրասեղան, սեկրետեր։ Ցածր դասարանների աշակերտների համար հարմար է դպրոցական նստարանի տեսքով փոքր սեղանը։ Որպես սեղան կարելի է օգտագործել լայն լուսամուտագոգը (տես Ննջասենյակ)։ Չափազանց կարևոր է սեղանի ճիշտ լուսավորությունը, բնական լույսը պետք է ընկնի ձախից, իսկ սեղանի լամպը պետք է հավասարաչափ և բավարար լուսավորի սեղանի ամբողջ հարթությունը (տես Լուսավորություն)։ Մ. ս-ում երկու սեղան ունենալիս դրանք տեղադրում են կողք-կողքի։ Այդ դեպքում աթոռները պետք է ուղղված լինեն դեպի լուսամուտը։ Սեղանները կարելի է դնել նաև այնպես, որ անկյուն կազմեն և դրանցից մեկը լուսավորվի ձախից։ Մ. ս-ի կահույքը (զգեստապահարան, սպիտակեղենի և խաղալիքների պահարաններ) պետք է հասանելի լինի երեխային։ Հարմար են մահճակալի տակ կամ պահարանի ներքևի մասում դրվող անվավոր արկղերը, որոնք կարելի է գործածել խաղալիքներ պահելու և միաժամանակ զանազան խաղեր կազմակերպելու համար։
Մ. ս-ում կարելի է տեղադրել ոչ մեծ չափերի անշարժ մարզապիտույքներ՝ ցածր տարիքի երեխաների համար («շվեդական պատ», դռան շրջանակին ամրացվող պտտաձող)։ Ցածր դասարանների աշակերտների հաճար կարելի է պատին գրատախտակ ամրացնել։ Որպես գրատախտակ կարող է ծառայել նաև մածկած, սև գույնի ներկած կամ մուգ լինօլեումով պատած դռան փեղկը։ Գրատախտակի տակ անհրաժեշտ է ամրացնել փոքրիկ դարակ կավճի և սպունգի համար։
Մ. ս-ի կահույքը կարելի է ներկել յուղաներկով, գունավոր արծնաներկերով։ Սենյակը հարդարելիս կարելի է կիրառել գույների զանազան զուգակցություններ, այդ թվում կահույքի և պատերի, կահույքի և վարագույրների ցայտերանգությունը, որը տոնական և զարդարուն տեսք է տալիս սենյակին։ Մ. ս-ի պատերը կարելի է զարդարել գունավոր պլակատներով, լուսանկարներով, աշխարհագրական քարտեզներով, օրացույցերով, նկարներով, որոնք նաև ճանաչողական դեր են կատարում։