ՏՏՀ/Մանվածք
ՄԱՆՎԱԾՔ, գործարանային Մ. թողարկում ես կարժերով կամ կծիկներով։ Պիտակի վրա նշվում է արտադրող գործարանի անվանումը, թելքի բնույթը, Մ-ի հաստությունը կամ մետրական համարը, կարժի թելի երկարությունը, զանգվածը ևն։
Մ-ի մետրական համարը բնութագրում է թելի հաստությունը և հավասար է 1 գ, Մ-ի երկարությանը՝ մետրերով։ Մ-ի համարը կարժի թելի երկարության (մետրերով) և կարժի զանգվածի (գրամներով) հարաբերությունն է։ Որքան Մ. բարակ է, այնքան ցածր է համարը։ Եթե Մ. բաղկացած է մի քանի թելից, ապա համարն արտահայտվում է կոտորակային թվով, օրինակ, № 32/2։ Կոտորակի հայտարարը ցույց է տալիս միասին ոլորած թելերի թիվը, իսկ համարիչը՝ առանձին թելի համարը։ Հյուսելիս հաճախ հարկ է լինում ոլորել մի քանի գործարանային թել։ Այդ դեպքում ստացված թելի համարն անվանում են գումարային։ Օրինակ, երկու թելերի միացման դեպքում № 10/2 գումարային համարը կլինի 10/2:2=2,5։
Նախկինում կարժերի պիտակների վրա նշում էին միայն Մ-ի համարը, այնուհետև սկսեցին նշել նաև հաստությունը «տեքս» համակարգի միավորով, որը թվապես հավասար է 1 կմ երկարության Մ-ի զանգվածին (գրամներով)։ Թելի հաստության չափման «տեքս» միավորը գրամ/կիլոմետրն է (գ/կմ)։ Սի քանի թելերից ոլորված Մ-ի հաստությունը որոշվում է դրանց արտադրյալով։ Բազմապատկիչներից մեկն արտահայտում է մի բաղադրիչ թելի հաստությունը, իսկ մյուսը՝ ոլորված թելերի թիվը, օրինակ, 100x2։ Ներկայումս պիտակների վրա նշում են միայն թելի հաստությունը (գծային խտությունը) «տեքս» համակարգում։
«Տեքս» համակարգի միավորներով արտահայտված Մ-ի հաստությունը որոշելու համար բերվում է այդ համակարգում Մ-ի հաստության և մետրական չափի հարաբերությունն առավել տարածված Մ-ների համար։
T= 31 տեքս x 2 - № 32/2
T = 42 տեքս x 2 - № 24/2
T = 64 տեքս x 2 - № 16/2
T = 100 տեքս x 2 - № 10/2
T = 110 տեքս x 3 - № 9/3
T = 165 տեքս x 2 - № 6/2
Բրդե Մ-ի համար գործածվում է կոնդիցիոն զանգված հասկացությունը։ Դա բրդե Մ-ի կարժի զանգվածն է նորմալ (կոնդիցիոն), այսինքն՝ օդի ջերմաստիճանի և խոնավության որոշակի արժեքների պայմաններում։ Այդ հասկացությունը գործածվում է, քանի որ բուրդը լավ կլանում է խոնավությունը և հեշտությամբ փոխանցում այն շրջակա միջավայրին (արտաքին պայմանների փոփոխության դեպքում)։ Խոնավության կլանման դեպքում բրդի զանգվածը մեծանում է, իսկ տացքի դեպքում՝ փոքրանում։ Տանը կշռված բրդե Մ-ի կարժի զանգվածը կարող է տարբերվել կարժի պիտակի վրա նշվածից, քանի որ սենյակի օդի ջերմաստիճանը և խոնավությունը տարբերվում են օդի բնականոն ջերմաստիճանից և խոնավությունից։
Որևէ իր հյուսելու համար Մ-ի մի քանի կարժ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև խմբաքանակի համարին, քանի որ նույն գույնի տարբեր խմբաքանակների կարժերը կարող են երանգով իրարից տարբերվել։