ՄԵՐԱԿՆԵՐ, տարբերում են դնովի, շրջակարված, քուղե, օդային և երիզված Մ.։ Բոլոր տեսակի Մ-ի (զարդագեղ Մ-ից բացի) երկարությունը հավասար է կոճակի տրամագծի և հաստության (մոտավորապես 0,3 սմ) գումարին։ Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել Մ-ի հեռավորությունը լանջեզրից կամ առաջամասը կիսող գծից, ապա շիտակ երեսի վրա նշել Մ-ի տեղը (նկ. 1)։

Դնովի Մ . (նկ. 2) հիմնականում կանանց ներքնազգեստի համար են։ Գործվածքից կտրած 2,5-3 սմ լայնության երկայնական զոլակը երկտակում են, կտրած եզրերը ներս ծալում և թերակարում, ապա երկու կողմից թակալում (եզրից 0,1 սմ դեպի ներս)։ Զոլակը բաժանում են անհրաժեշտ թվով Մ-ի։ Կրկնակի (կոճակի տրամագծի կրկնակի երկարության) Մ. ստանալու համար անկյունն ամրացնում են ձեռքով կամ մեքենայով։ Մ. թերակարում են հագուստի հակառակ երեսից, վրայից դնում զոլակակտորը, թերակարում և թակալում (եզրից 0,7 սմ դեպի ներս)։ Զոլակը շուռ են տալիս շիտակ երեսի վրա և մեկ կամ երկու անգամ թակալում։

Շրջակարված Մ . (նկ. 3) կանացի, տղամարդկանց և մանկական ներքնազգեստների, տղամարդկանց վերնաշապիկների համար են։ Մ. շրջակարում են ձեռքով (օղակարով) կամ հատուկ հարմարանք ունեցող մեքենայով։ Ձեռքով շրջակարելիս Մ-ի բացվածքը պահում են ցուցամատի վրա, ճեղքի շրջագծով թել են դնում և ամրացնում օղակարով (ասեղն առնում են թելի օղակի մեջ կամ գործվածքի միջով անցկացնելուց հետո ասեղով բռնում թելի օղակը)՝ հավասար, խիտ կութերով։

Մ-ի ծայրերն ամրակարում են հետևյալ կերպ. ճեղքին ուղղահայաց 2-3 կութ են անում (ըստ Մ-ի լայնության), ապա դրանք շրջակարում խիտ կութերով։

Մ. կարում են նաև գործվածքից պատրաստված քուղից (նկ. 4)։ 2,5-3 սմ լայնության (կախված գործվածքի հաստությունից) զոլակը երկտակում են (շիտակ երեսը դեպի ներս) և թակալում՝ ծալատեղից 0,3-0,5 սմ թողնելով: Շրջելը հեշտացնելու համար զոլակի ծայրը կարում են ձագարաձև, ծայրի ավելորդ մասը կտրում, իսկ եզրերինը թողնում, որ քուղը ձիգ ստացվի։

Կարած զոլակը շրջում են երկտակ թելած ասեղով (նկ. 4, ա)։ Քուղը բաժանում են հավասար մասերի, հաշվի առնելով կոճակի չափը և կարաբաժինը, Մ-ի ձև տալով կարում հագուստի շիտակ երեսից, վրան զոլակակտոր թերակարում՝ համատեղելով կտրած եզրերը, և թակալում (եզրից 0,7 սմ դեպի ներս)։ Զոլակը շուռ են տալիս շրջոնքի կողմը, եզրն ամրացնում գաղտնակարով կամ թակալակարով։ Երբեմն Մ. կարում են առանց քուղը կտրելու, պարզապես երկու ծայրերն ամրակարում են, իսկ մնացած մասն ամրացնում մերակատեղի գծով՝ ըստ կոճակների չափի (նկ. 4, բ)։

Կա Մ-ի ձևավորման մեկ այլ եղանակ. Մ. թերակարում են մերակատեղի գծով, գործվածքի եզրը վրա են բերում, ծալում և թակալում (նկ. 4, գ)։

Օդային Մ. (նկ. 5) փոքր չափի կոճակների և կեռերի համար են (մետաղե Մ-ի փոխարեն)։ Հագուստի շիտակ երեսից մի քանի տակ բամբակե թել են ամրացնում (կոճակի տրամագծին կամ մետաղե Մ-ի երկարությանը համապատասխան), ապա փաթաթում կամ օղակարով շրջակարում հարմար գույնի մետաքսաթելով և ծայրն ամրակարում։

Երիզված Մ. կանացի և մանկական հագուստի համար են։ Մ-ի շրջանակը նշագծում են շիտակ երեսից առաջամասի միջնագծից 0,3 սմ դեպի լանջեզրը, ապա հակառակ ուղղությամբ երկու զույգ փոխուղղահայաց գծերով նշում Ս-ի չափը։

Շրջանակի երկարությունն ստանում են կոճակի տրամագծին 0,3 սմ գումարելով, լայնությունը 0,6-0,8 սմ է (ըստ հագուստի բնույթի և գործվածքի հաստության)։ Մ. երիզում են գործվածքից կամ կաշվից կտրած մեկ կամ երկու զոլակներով։ Շրջանակի կես լայնության հեռավորությամբ վերևից և ներքևից զուգահեռ կարեր են անում (նկ. 6, ա)։ Յուրաքանչյուր մերակի համար պատրաստում են մերակից 2 սմ երկար և 3 սմ լայնության 2 զոլակ, երկտակում հակառակ երեսը դեպի ներս և արդուկում։ Զոլակները դնում են հագուստի շիտակ երեսին և զուգահեռ նշագծերով թերակարում (նկ. 6, բ), ապա շրջոնքի կողմից թակալում շրջանակի երկար կողմերին մինչև անկյունները։ Շրջանակի երկար առանցքով կտրվածք են անում (0,5-0,7 սմ ծայրերին չհասնելով) և ծայրերը եռանկյունաձև կտրում՝ 0,1 սմ կարերին չհասնելով (նկ. 6, գ)։ Շրջանակի ճեղքը շրջակարում են մետաքսաթելով, զոլակները ճեղքի միջով դուրս բերում շրջոնքի կողմը (նկ. 6, ղ), Մ. շտկում են, թերակարում, երիզները միացնում խաչկարով (նկ. 6, ե)։ Եռանկյունաձև կտրվածքները շրջոնքի կողմից ձեռքով կամ մեքենայով ամրացնում են զոլակին (նկ. 6, զ)։ Մ. արդուկում են հակառակ երեսից, զոլակների ծայրերը հավասարեցնում, լանջատակի կտորը Մ-ի մասում կտրում, եզրերը ներս ծալում և գաղտնակարով ամրացնում զոլակին (հագուստի հիմնական գործվածքը կարի մեջ չառնելով)։

Մ. կարելի է երիզել նաև մեկ զոլակով, որը պետք է լինի Մ-ի շրջանակից 2 սմ երկար և ունենա 5-6 սմ լայնություն։ Զոլակը շիտակ կողմով դնում են շրջանակի վրա հագուստի շիտակ երեսից (նկ. 6, է)։ Համատեղելով շրջանակի և զոլակի առանցքները՝ վերջինս թերակարով ամրացնում են գործվածքին (նկ. 6, ը), ապա շրջոնքի կողմից թակալում շրջանակին։ Այնուհետև շրջոնքի կողմից շրջանակի առանցքի երկարությամբ կտրվածք են անում (0,5-0,7 սմ ծայրերին չհասնելով) և ծայրերը եռանկյունաձև կտրում (նկ. 6, գ)։

Շրջանակի ճեղքը շրջակարում են մետաքսաթելով, զոլակը ճեղքի միջով դուրս բերում շրջոնքի կողմը, Մ. շտկում, շիտակ երեսից թողնում շրջանակի կես լայնության 2 հավասար երիզներ։ Ծայրերը թերակարում են և շրջոնքի կողմից միացնում, իսկ շիտակ երեսից երիզներն ամրացնում են խաչկարով։ Եռանկյունաձև կտրվածքները շրջոնքի կողմից զոլակին են ամրացնում ձեռքով կամ մեքենայով։ Մ. արդուկում են հակառակ երեսից։ Զոլակի ծայրերը հավասարեցնում են, լանջատակի կտորը Մ-ի մասում կտրում, եզրերը ներս ծալում և գաղտնակարով ամրացնում զոլակին (հագուստի հիմնական գործվածքը կարի մեջ չառնելով)։