ՄԱՌԱՆ, այն նպատակահարմար է կառուցել բարձրադիր և չոր վայրում, ցանկալի է ավազե ենթահողով։ Ստորգետնյա ջրերը չպետք է հասնեն Մ-ի հիմքին, ծայրահեղ դեպքում պետք է հեռու գտնվեն առնվազն 0,5-1,0 մ։ Ստորգետնյա ջրերի մակարդակը որոշում են գարնանը, երբ այն ամենաբարձրն է. չափում են հողի մակերևույթից մինչև մոտակա հորանային ջրհորների ջրի հայելու հեռավորությունը կամ որոշում են հետախուզահորեր փորելով (խոր փոսեր) կամ հետախուզական հորատումով։ Ստորգետնյա ջրերի մակարդակի մասին կարելի է դատել նաև տեղանքի ջրասեր բուսականության բնույթից։ Եթե տեղամասը գտնվում է ցածրադիր գերխոնավ վայրում, ապա Մ. կառուցում են արհեստական ավազակոպիճային լցվածքների վրա, որպեսզի նրա հիմքը «պոկեն» ստորգետնյա ջրերից։

Կառուցվածքով առավել պարզ է հողաշեն Մ. (նկ. 1)։ Հողային աշխատանքները խորհուրդ է տրվում սկսել մայիս-հունիսին, երբ ստորգետնյա ջրերը ներծծվում են, և հաստատվում է կայուն եղանակ։ Փոսորակը փորում են (1,8 մ խորությամբ) պատերի ոչ մեծ թեքությամբ (որպեսզի գրունտը քիչ փլուզվի) հատակի 2,2-2,4 մ, վերևի 2,8 մ լայնությամբ։ Փոսորակի պատերը երեսպատում են փուշտայով, տախտակով կամ այլ նյութով։ Ավազահողում փորված Մ-ի երեսպատումը պարտադիր է։ Այն Մ. դարձնում է ավելի երկարակյաց, իսկ բանջարեղենի պահպանման պայմանները՝ նպաստավոր։ Երեսպատումը կարելի է անել քանդովի. այդ դեպքում Մ. ամռանը հեշտ է չորացնել և օդափոխել։ Մ-ի հատակը սովորաբար լինում է կավածեփ. այն պատրաստվում է լավ շաղախված կավից՝ վրան ավելացնելով մանր մաղած խիճ (շերտի հաստությունը՝ 8-10 սմ)։ Առաջացած ճաքերը վերացնում են՝ կավածեփ հատակին լցնելով ջրիկ կրաշաղախ։ Հատակի հիմքում փռում են տոփանած խիճ (5 սմ շերտ), վրան լցնում եռման հանքաձյութ (բիտում), որը կանխում է մազանոթներով ջրի բարձրացումը, ինչպես նաև կրծողների թափանցումը։ Մ-ի առաստաղը կեղևատած ձողաններից պատրաստած, հարդախառն կավե ցեխով սվաղած, վրան հող լցրած հեծանածածկ է. առաստաղի հաստությունը 30-40 սմ է։ Մինչև գետնի մակերևույթ հասնող երկթեք տանիքը ծածկում է փոսորակը բոլոր կողմերից 50 սմ-ից ոչ պակաս։ Դա կանխում է անձրևաջրերի թափանցումը Մ.։ Տանիքը կառուցում են տաշած փուշտայով (կարելի է օգտագործել կավածղոտ, եղեգ կամ ճյուղեր)։ Մ-ի կենտրոնում պարտադիր թողնում են նեղ անցում, որի մի կողմում տեղադրում են 1 մ բարձրության կարտոֆիլի ամբար, իսկ մյուսում՝ միմյանցից 50-60 սմ հեռավորությամբ դարակներ։

Ջերմությունը և խոնավությունը կարգավորվում է օդափոխությամբ, որի համար Մ-ում տարբեր մակարդակների վրա տեղադրում են օդաքաշ և ներհոս օդափոխիչ խողովակներ։ Օդաքաշ խողովակի ելքի օդանցքը պետք է գտնվի վերևում, անմիջապես առաստաղի տակ, իսկ ներհոսինը՝ ներքևում, հատակից մոտավորապես 50-60 սմ բարձր։ Կարելի է տեղադրել նաև կարգավորիչ սողնակներով երկմղանցք խողովակ (նկ. 2)։ Մի անցքով օդը մտնում է Մ., իսկ մյուսով՝ դուրս գալիս։ Օդափոխիչ խողովակների հատվածքն ընտրում են ըստ Մ-ի մակերեսի։ 6-8 մ² մակերեսով Մ-ի համար բավական է ունենալ 12x12 սմ երկու կամ 15x15 սմ-ից ոչ պակաս հատվածքով մեկ խողովակ։ Խողովակները պատրաստում են միմյանց լավ հարմարեցրած և կիպ մեխած հաստ (3-4 սմ) տախտակներից։

Ձմռանը, ուժեղ սառնամանիքներին, օդափոխման անցքերը վերևից խցանում են ծղոտով, պարկացու կտորով կամ մամուռով, իսկ տանիքը ծածկում են կաղնու չոր տերևներով, տորֆով ևն։ Ցանկալի է Մ-ում ունենալ սպիրտային (ոչ սնդիկային) ջերմաչափ և խոնավաչափ։ Մ-ի շուրջը փորում են 50-60 սմ խորության ցամաքուրդային առու, իսկ հողը հարթեցնում այնպես, որպեսզի անձրևաջրերն արագ հեռանան։ Եթե Մ. կառուցված է սարալանջին, ապա դրանից 3-5 մ հեռավորությամբ փորում են 70-80 սմ-ից ոչ պակաս խորության լրացուցիչ լեռնային ջրատար առու։ Այն փորում են ոչ թե լանջի լայնքով, այլ թեքությամբ՝ մակերևութային ջրերի արագ հեռացման համար։ Հողի առավել արդյունավետ օգտագործման համար նպատակահարմար է կից հողակտորների սահմանում կառուցել միացյալ Մ. (նկ. 3)։ Այն կառուցելու համար սկզբում փորում են անհրաժեշտ չափերի փոսորակ (առավել տարածված կիսաթաղ Մ-ի փոսորակի խորությունը կազմում է 1,2-1,5 մ)։ Փոսորակի չափերը բոլոր կողմերից 60 սմ-ով պետք է գերազանցեն ապագա Մ-ի չափերը, որն անհրաժեշտ է քարային, բետոնային և ջրամեկուսացման աշխատանքների համար։ Գրունտը չորացնելու նպատակով հարթեցված և մաքրված փոսորակի հատակը ծածկում են խճի 8-10 սմ հաստության շերտով (0,1 մ³ հիմնատակի 1 մ²–ին), որը տոփանում են, հետո ծածկում եռման հանքաձյութով (4-5 կգ 1 մ²–ին)։ Այնուհետև 1:2:4 (ցեմենտ, ավազ, խիճ կամ կոպիճ) հարաբերությամբ խիտ բետոնից կառուցում են միաձույլ հիմնատակ, որի համար նպատակահարմար է օգտագործել 400 մակնիշի ցեմենտ (անպայման նոր թողարկված), խոշորահատիկ ավազ և մանր (3-4 սմ) խիճ (կոպիճ)։ Միաձույլ հիմքը ջրամեկուսացնում են գլանափաթեթային նյութով (օրինակ, ռուբերոիդով), որը երկու շերտով սոսնձված է ջերմաթեժ հանքաձյութի մածիկով։ Այն պետք է վերցնել հավելումով, որպեսզի հնարավոր լինի նրա ծայրերը ամրացնել պատերին։ Երբ չորանում է եռման հանքաձյութի մածիկը, ջրամեկուսացման շերտի վրա ցեմենտավազային շաղախից պատրաստում են 4-5 սմ հաստության կոկիկ հատակ։ Երեսասվաղը հարթեցնում են պողպատե թիթեղով՝ ծեփակով։

Մ-ի պատերի հաստությունը չպետք է գերազանցի 25 սմ։ Պատերը երկու կողմից սվաղում են 2 սմ հաստության 1:2 հարաբերությամբ ցեմենտավազային շաղախով։ Ս-ի ներսի կողմը կարելի է սվաղել մետաղե ցանցի վրայից։

Մ-ի ծածկը սարքում են հաստ տախտակներից կամ 5 սմ հաստության տաշած փուշտաներից։ Տախտակների և հեծանների փտումը կանխելու համար դրանց ծայրերը նախապես պատում են եռման հանքաձյութով։ Ծածկի վրա պետք է դնել գոլորշամեկուսիչ շերտ, ռուբերոիդ՝ երեսակողմով ներքև։ Ռուբերոիդի փոխարեն կարելի է օգտագործել կավե շաղախ (2 սմ շերտով)։ Ամռանը Մ-ի տաքացումը, իսկ ձմռանը գերսառեցումը կանխելու համար տանիքը ծածկում են կավածղոտով (շերտի հաստությունը՝ 20 սմ), լցնում են մոխիր կամ հող (50 սմ-ից ոչ պակաս)։ Մ-ի պատերի թմբերի թեքությունները դրսից պետք է ամրացնել ճիմով կամ խոտացանքով։

Մ-ի շինարարության ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ջրամեկուսացման աշխատանքների որակին, քանի որ սխալները կարող են հանգեցնել նույնիսկ Մ-ի ջրածածկվելուն։ Ջրամեկուսացման համար Մ-ի պատերը նախապես աստառապատում են, ապա ծեփում եռման հանքաձյութի մածիկով (2 շերտով 2 մմ ընդհանուր հաստությամբ)։

Հանքաձյութը գործածելու համար պատրաստ է համարվում, եթե այն միատարր է, նրա մեջ չկան չհալված կտորներ և փրփուր։ Կոքսացումը կանխելու համար եռման հանքաձյութը 180-200 °C ջերմաստիճանի դեպքում չպետք է պահել կրակի վրա մեկ ժամից, իսկ 160-170 °C ջերմաստիճանի դեպքում՝ երեք ժամից ավելի։ Գերտաքացած հանքաձյութը (200 °C–ից բարձր) պնդանալիս դառնում է դյուրաբեկ և սառչելիս արագ ծածկվում է մանր ճեղքերով։

Հանքաձյութի աստառը (պրայմեր) ըստ ծավալի 1:3 հարաբերությամբ բենզինի և շինարարական հանքաձյութի շաղախն է։ Վերցնում են 70-80 ջերմաստիճանում տաքացրած հանքաձյութ ու փոքր բաժիններով ավելացնում բենզին և մինչև դրա լուծվելն անընդհատ խառնում։

Հանքաձյութի մածիկները պատրաստում են հալեցրած հանքաձյութից (հետը խառնելով խնամքով չորացված ռետինե փշրված ասբեստ և այլ լցանյութեր) և պլաստիկարարից։ 10 կգ մածիկ պատրաստելու համար պահանջվում է 8,5 կգ հանքաձյութ, 1,0 կգ լցանյութ և 0,5 կգ պլաստիկարար (բանեցրած ավտոտրակտորային յուղ)։ Նկատի ունենալով, որ անհատական շինարարության պայմաններում որակյալ մածիկ պատրաստելը բարդ է, դրա փոխարեն օգտագործում են հալած հանքաձյութ։

Կլոր տարին սննդամթերքը պահելու համար հարմար է ունենալ մառան-սառցապահարան (նկ. 4)։ Այն ունի երկու բաժանմունք. վերին (վերգետնյա)՝ մառանիկ և ստորին (ստորգետնյա)՝ սառցապահեստ, որը կարող է ամբողջությամբ օգտագործվել կարտոֆիլ և այլ բանջարեղեն պահելու համար։ Սառցապահեստի պատերը նպատակահարմար է կառուցել 15 սմ հաստության խիտ անջրաթափանց բետոնից։ Բետոնի բաղադրությունը 1:2:4 հարաբերությամբ է, որտեղ մեկ մասը 300 կամ 400 մակնիշի ցեմենտն է. երկուսը՝ ավազը և չորսը՝ խիճը (կոպիճը)։ Կաղապարամածի մեջ բետոնը հարկավոր է լցնել անմիջապես և անընդհատ որպեսզի աշխատող կարերի հատվածում կանխվի թույլ տեղերի առաջացումը։ Շաղախի համար վերցնում են տարբեր չափի (հատիկները 0,25-ից մինչև 3 մմ) ավազ։ Ընդհանուր զանգվածում ամենամանր ավազը (0,25 մմ չափ) պետք է կազմի 25 %, 1 մմ հատիկների մեծությունը՝ 25 % և 1-3 մմ չափինը՝ 50 %: Կոպիճի (կամ խճի) ամենամեծ չափը չպետք է գերազանցի 4-5 սմ։ Մ-ի կառուցման ժամանակ բետոնե շաղախին չպետք է ավելացնել լուծապակի, քանի որ ժամանակի ընթացքում լվացվում է, և բետոնը կորցնում է անջրանցիկությունը։ Սակայն լուծապակիով բետոնը կարող է գործածվել որպես հոսքերի դեմ պայքարի ժամանակավոր միջոց, քանի որ այն արագ «կապակցվում» է (տես Բետոնային աշխատանքներ):

Մառան-սառցապահարանում նպատակահարմար է ստեղծել սվաղասոսնձային ջրամեկուսացում։ Եռման հանքաձյութի երկու շերտերի միջև լցնում են ռուբերոիդ։ Ջրամեկուսացնող ծածկույթը դրսի պատերի փլուզման դեպքում պաշտպանելու նպատակով վերևից սվաղի վրա ցանում են չոր խոշորահատիկ ավազ։ Սառցահալի ջուրը սառցապահարանից հեռացնում են երկու եղանակով։ Եթե Ս. կառուցված է հոծ կավային գրունտի վրա, սառցապահոցի հիմքում սարքում են ջրհավաք խորշ (ջրհորիկ), որտեղից հիդրավլիկ փակաղակով հոսակի միջով սառցահալի ջուրը հոսում է խողովակի մեջ և հեռացվում ավելի ցածր տեղանք կամ ջրհավաք հոր։ Ավազային գրունտում ջրհավաք խորշը խորացնում են ենթահողի մեջ, ուր և հոսում է սառցահալի ջուրը (ուղղահայաց ցամաքուրդ)։ Այդպիսի հեռացումն ավելի հուսալի և հիգիենիկ է։

Սառույցը պահոցում դասավորում են խոշոր կտորներով։ Պարզ սառնամանիքային եղանակին պատրաստվող սառույցը թողնում են բաց օդում երկու օր։ Սառույցի կտորները նպատակահարմար է սղոցել և ոչ թե կոտրել ու դասավորել ուղղահայաց ու կիպ։ Արանքները լցնում են մանր կոտրատված սառույց կամ ձյուն՝ կերակրի աղի հետ։ Սառցապահարանը լցնելու համար սառույցի փոխարեն կարելի է օգտագործել նաև տոփանած ձյուն։ Սառույցը վերևից ծածկում են պոլիէթիլենային թաղանթով, իսկ հետո ներքնակներով կամ ծղոտի 15 սմ շերտով։ Սառցապահարանում տեղադրում են օղաքաշ (առաստաղի տակ) և ներհոս (հատակից 50 սմ բարձր) օդափոխիչ խողովակներ։ Ս. վերևից պատնեշում են հողի 40 սմ շերտով, վրան ցանում խոտ կամ ճմակալում։ Օդափոխման հետ հողապատնեշի զգալի հաստությունը պահոցում ապահովում է ջերմության և խոնավության պահանջվող ռեժիմ։ Սառույցի արագ հալումը կանխելու համար մառան-սառցապահարանն անհրաժեշտ է պաշտպանել արևից և տաք օդից։ Մ. կառուցում են մուտքով դեպի հյուսիս, պաշտպանում նրան շվաքածածկով կամ տանիքածածկով, օգտակար է նաև Մ-ի շուրջը տնկել ծառեր և թփեր։

Ստորգետնյա ջրերի բարձր մակարդակ ունեցող ցածրավայրերում կարելի է կառուցել բանջարապահեստարան (նկ. 5), որի հիմքը կազմում է բարակ գերաններից պատրաստված հիմնակմախքը։ Մի ծայրով գերանները խրում են (50 սմ) գրունտի մեջ, իսկ վերևի ծայրերը կապում են կեղևած ձողաններից պատրաստված երկայնական մարդակներով։ Երկարակեցության նպատակով հիմնակմախքի գերանների ստորին ծայրերը, ինչպես նաև կապվածքի գերանները նախապես թրծում են։ Տանիքի կավարամածը սարքում են տախտակից, վրան փռում ռուբերոիդ։ Պահեստարանի բարձրությունը միջին մասում պետք է լինի 1,8-2 մ, լայնությունը՝ մոտ 3 մ, երկարությունը՝ 3-4,8 մ։ Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր չէ, պահեստարանը կարող է ունենալ ոչ կավածեփ հատակով (մոտ 30 սմ) հողային փորվածք, որը կանխում է բանջարեղենի ցրտահարումը։ Պահոցի ճակատներից մեկը երկու շարքով տախտակապատում են՝ դրանց արանքում տեղավորելով ռուբերոիդի շերտ։ Այս ճակատի կողմից սարքում են ոչ բարձր (60-80 սմ բարձրությամբ) դուռ։ Մյուս ճակատը տանիքի հետ պատնեշում են 40-50 սմ հաստության հողի շերտով։ Օդափոխությունն իրականացվում է գագաթնագծում տեղադրված օդաքաշ խողովակով։ Պահեստարանի այսպիսի կառուցվածքը թույլ է տալիս ձմռանը պահոցում պահպանել 1-2 °C–ից ոչ պակաս ջերմաստիճան։

Կարտոֆիլի և այլ արմատապտուղների պահպանման համար կարելի է օգտագործել նաև լայնակույտարաններ, ոչ խոր հորեր և առուներ, քողտիկներ (նկ. 6)։ Դրանք պետք է կառուցել չոր, բարձրադիր վայրերում և պաշտպանել մթնոլորտային տեղումներից ու ձնհալի ջրերից։ Ոչ մեծ մառանիկ կարելի է սարքել արծնապատ հին լոգնոցից՝ այն հարմարեցնելով տնակի հատակի կամ ամառային խոհանոցի տակ ևն։