ՄԱՍՐԵՆԻ, վայրի վարդ (աճեցումը)։ Մ. աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Բազմամյա, լուսասեր, 1-3 մ բարձրության թուփ է։ Պտղաբերում է 2-3-րդ տարում։ Ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն։ Արմատային համակարգը հզոր է, խոր թափանցող։ Բույսը կարող է աճել աղքատ հողերում, բայց բերրի հողերում ավելի լավ է աճում և առատ է պտղաբերում։ Տնկումից առաջ պարարտացնում են (1 մ²–ին՝ 4-6 կգ օրգանական պարարտանյութեր, 30-40 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումական աղեր)։ Մ. բազմացնում են ընձյուղներով, կանաչ և արմատային տնկաշվերով (պատվաստաշվերով), սերմերով։ Սորտային հատկանիշների պահպանման համար Մ. հեշտ է բազմացնել արմատային տնկաշվերով։ Դրա համար տնկումից 5-10 օր առաջ պատրաստում են 10-12 սմ երկարության արմատային տնկաշվեր, որոնք տնկում են բահով 10-15 սմ խորությամբ հորիզոնական դիրքով։ Մինչև ընձյուղներ առաջանալը հողը պետք է պահել մոլախոտերից զերծ և փուխր։ Սերմերով աճեցնելիս ցանքը կատարում են աշնանը (օգոստոս-սեպտեմբերին) կամ վաղ գարնանը։ Վերջին դեպքում սերմերը ստրատիֆիկացնում են +2...+5 °C-ում։ Մշտական տեղում տնկելու համար ավելի լավ է օգտագործել երկամյա բույսերը։ Տնկման սխեման 2(2,5)x1,5 մ։

Տնկին տեղադրում են փոսի մեջ ուղղաձիգ, տնկարանի համեմատ թեթևակի խորացված։ Վերգետնյա մասը կարճացնում են երկարության 1/3-ով։ Հողը պնդացնում են, ջրում, մուլչապատում։ Բոլորը առաջին տարում թողնում են առաջացած մերձարմատային ընձյուղները, երկրորդ տարում՝ միայն 4-6 լավագույնները։ Զրոյական ընձյուղները առաջին տարում չեն կարճացնում՝ թողնում են, որ գագաթային մասում ծաղկեն և բերք տան։ Գարնանը կարճացնում են մինչև 60-100 սմ բարձրության։ Արդյունքում առաջանում են առաջին կարգի 6-10 ճյուղավորում։ Երրորդ տարվա գարնանը կրկին թողնում են 4-6 լավագույն զրոյական ընձյուղներ՝ կարճացնելով դրանք մինչև 60-100 սմ բարձրության։ Երկամյա ճյուղերի կողմնային ընձյուղները (նախորդ տարվա) կարճացնում են՝ թողնելով 2-4 բողբոջ։ Ձևավորման այս եղանակով 4-5-րդ տարում թփից ստացվում է 6-8 կգ պտուղ։

Փոխադարձ լավ փոշոտման համար տեղամասում հարկավոր է տնկել Մ-ու 2-3 սորտ։ Խնամքը նույնն է, ինչ մյուս հատապտուղներինը։

Մ-ու պտուղները հավաքում են, երբ դրանք ձեռք են բերում նարնջակարմիր կամ կարմիր գույն։ Բերքը հավաքում են մինչև ցրտահարությունների սկսվելը։