ՏՏՀ/Մասուր
ՄԱՍՈՒՐ, վայրի աճող թուփ։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր գոտիներում։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին, հավաքում են մինչև առաջին ցրտահարությունները, որովհետև վերջինները քայքայում են C վիտամինը։ Պետք է հավաքել վառ կարմիր, ամուր պտուղները բաժակաթերթիկների հետ (դրանք պահպանում են պտուղները փչանալուց)։
Մ-ի մաքրած պտուղները պարունակում են մինչև 470 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին), ինչպես նաև շաքար, օսլա և ազոտային նյութեր։ Մ-ի պտուղները օգտագործում են թարմ և պահածոյած, ինչպես նաև որպես C վիտամինի հումք։ Տնային պայմաններում կարելի է չորացնել (տես Բանջարեղենի և մրգերի չորացում): Մ-ի պատրաստուկները գործածում են փոշու, թուրմի, դրաժեի, լուծամզուքի ձևով։ Պտուղների հատուկ լուծամզուքը լյարդի հիվանդությունների բուժման լավ միջոց է։
Մ-ի ըմպելիք. չորացած Մ. լվանալ սառը ջրով, թեթևակի կտրտել և թրմել եռջրով (1 ճաշի գդալ Մ-ին՝ 1 բաժակ եռջուր)։ Պետք է թրմել արծնած ամանի մեջ (մետաղե ամաններում C վիտամինը քայքայվում է) և եռացնել 10 րոպե, որից հետո լցնել ապակե ամանների մեջ, ծածկել և մի քանի ժամ (կարելի է գիշերը) դնել տաք տեղ։ Դրանից հետո քամել, սեղմել-մզել պտուղները, ստացված թթվաշ, հաճելի ըմպելիքին կարելի է ավելացնել շաքարավազ։ Ըմպելիքը պետք է օգտագործել նույն օրը. երկար պահելուց C վիտամինը քայքայվում է։ Չափահաս մարդուն օրական բավարար է 1-2, երեխաներին՝ 1 բաժակ Մ-ի ըմպելիք։
C վիտամինն առավել լավ է պահպանվում, երբ Մ. (20 գ Մ.՝ 1 բաժակ եռջրին) 10– 12 ժամ թրմում են թերմոսում։
Մ-ի պովիդլո. հասունացած Մ. լվանալ, հեռացնել կոթունները, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել այնքան ջուր, որ ծածկի պտուղները, կափարիչով ամուր փակել կաթսան և եփել մինչև պտուղները լավ փափկեն։ Հովանալաց հետո անցկացնել մաղով, ստացված զանգվածին ավելացնել դրա ծսւվալի 1/4-ի չափով ջուր և եռացնել 5 րոպե (այս ընթացքում ջրի երես բարձրացած մազմզուկները կարելի է հավաքել)։ Ստացված զանգվածի 1/4-ի չափով ավելացնել խնձորի խյուս (խաշել խնձորը, անցկացնել մաղով) և անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանալը։ Ավելացնել շաքարավազ (1 կգ զանգվածին՝ 700-800 գ) և եփել։ Կարելի է տաք-տաք լցնել ապակե տարաների մեջ, փակել ու պահել հով տեղ։