ՄԻՐԳ, տարբերում են Մ-ի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ ևն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր ևն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ինչպես նաև ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ ևն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի ևն։

Մ. արժեքավոր սննդամթերք է։ Պարունակում է դյուրամարս ածխաջրեր (շաքարներ գլյուկոզ, պտղաշաքար, սախարոզ), օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու), C վիտամին ևն, հանքային աղեր (կալիումի, երկաթի, կալցիումի, ֆոսֆորի ևն), պեկտինային, աղաղող, արոմատիկ և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր։ Ըստ պտղի տեսակի այս նյութերի քանակը խիստ տատանվում է։

Մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում մասուրը, չիչխանը, սև հաղարջը, կիտրոնը, նարինջը, խնձորի որոշ սորտեր։ Մ. (բանջարեղենի հետ) օրգանիզմը վիտամիններով ապահովող հիմնական աղբյուրներից է։ Ավելի շատ կարոտին (A նախավիտամին) պարունակում են ծիրանենու, սալորենու, մասրենու, չիչխանի և լոռամրգի, P վիտամին մասրենու, ցիտրուսայինների պտուղները, սև հաղարջի և սևապտուղ արոսենու հատապտուղները։

Առավել շատ շաքարներ (գլյուկոզ, պտղաշաքար, սախարոզ) պարունակում են խաղողը, թուզը, կոկռոշը, խուրման, ծիրանը, դեղձը, բալը, սալորը, խնձորը, սերկևիլը, նարինջը, մանդարինը։

Օրգանական թթուներով (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու) հարուստ են կիտրոնը, հաղարջը, լոռամրգին, կոկռոշը, հապալասը, սալորենու, բալենու, գետնամորու, մոռու ևն-ի շատ սորտերի պտուղներ։ Օրգանական թթուներն ապահովում են մարսողության համար անհրաժեշտ թթվային հավասարակշռությունը։

Շատ Մ-եր՝ սերկևիլը, խնձորը, մոռը, դեղձը, նարինջը, խուրման ևն, պարունակում են մեծ քանակությամբ պեկտինային (դոնդողացնող) նյութեր։

Մ-երի հանքային աղերի արժեքները պայմանավորված են վիտամինների հետ դրանց նպաստավոր զուգակցությամբ։ Հանքային աղերի կազմում հիմնական բաժինը կալիումի աղերինն է, որոնցով առանձնապես հարուստ են ծիրանը, խաղողը, բալը, սալորը, կեռասը ևն: Երկաթի աղերն առավել շատ են խնձորում, տանձում, ծիրանում, դեղձում, սալորում, բալում, կեռասում ևն։

Սերկևիլի, տանձի, խնձորի, նռան, խուրմայի որոշ սորտեր, ինչպես նաև հապալասենու հատապտուղները հարուստ են աղաղանյութերով։ Դրանք Մ-ին տալիս են տտիպ համ և բարձրացնում նրանցում C վիտամինի ակտիվությունը, նպաստում դրա յուրացմանը։

Մ-ի կեղևն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պտղամիսը, իսկ վերջինիս արտաքին շերտերն ավելի, քան ներքինները։ Հասած Մ-երի սննդանյութերն ավելի հեշտ են յուրացվում, քան խակերինը։

Մ. նպաստում է օգտագործվող սննդի ավելի լավ յուրացմանը (ինչպես բանջարեղենը), խթանում է մարսողական գեղձերի գործունեությունը և կարգավորում օրգանիզմում մարսողական պրոցեսները։ Շատ կարևոր է Մ-ի դերը բուժական և մանկական սննդում։

Օգտագործելուց առաջ թարմ Մ. անպայման պետք է լվանալ նախապես եռացրած սառը ջրով՝ ախտածին միկրոօրգանիզմները և թունաքիմիկատների մնացորդները վերացնելու նպատակով։

Սննդի համար թարմ Մ. ավելի արժեքավոր է քան վերամշակվածը։ Սակայն թարմ Մ. երկար ժամանակ դժվար է պահել, ուստի դրանց զգալի մասը վերամշակում են հատուկ գործարաններում կամ տանը։ Պահածոյման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս պահպանելու Մ-ի գրեթե բոլոր արժեքավոր նյութերը։

Պտուղների քիմիական կազմի, դրանց պահպանման, օգտագործման եղանակների ևն-ի մասին տես առանձին հոդվածներում, օրինակ Ծիրան, Նարինջ, Բալ, Մանդարին, Սալոր, Հաղարջ։ Մրգատու ծառերի աճեցման մասին տես Այգեգործական հողամաս հոդվածում։