ՏՏՀ/Մոդելավորում տեխնիկական

Մոդելավորում տեխնիկական
Հագուստ և կոշիկ

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ տեխնիկական, ըստ պատրաստի մոդելի կամ դրա գրաֆիկական պատկերի հագուստի ձևվածքի մշակում։ Բլուզի (թիկնամաս, առաջամաս, թևք), կիսաշրջազգեստի (առաջամաս, հետնամաս), տաբատի (առաջամաս, հետնամաս) ձևվածքների հիման վրա կարելի է մշակել հագուստի այլ ձևեր։

Բլուզ. թիկնամասի և առաջամասի վերին սեղմոնի տեղափոխում. թիկնամասի սեղմոնը (նկ. 1) տեղափոխում են թիակի կենտրոնի (Թկ) նկատմամբ։ Թիկնամասի ձևվածքի վրա նշում են տեղափոխման ուղղությունը, վերին սեղմոնը փակում քորոցներով կամ ձևվածքն անցկացնում թղթի վրա, քորոցով նշում Թկ-ն, ձևվածքը շրջում սեղմոնի բացվածքի չափով, նշում սեղմոնի նոր ուղղությունը և հավասարեցնում ծայրերը։ Առաջամասի սեղմոնը (նկ. 2) տեղափոխում են նույն կերպ կրծքի կենտրոնի (Կկ) նկատմամբ։

Բոլոր տեսակի սեղմոնները տեղափոխում են վերը նկարագրված եղանակով՝ փոխելով միայն պտտման կենտրոնները։

Դարսեր (նկ. 3). դետալի վրա նշում են ենթադրվող դարսի գիծը, կտրում ձևվածքը և դետալները միմյանց զուգահեռ հեռացնում։ Այդ դետալների միջև եղած հեռավորության կեսը դարսի խորությունն է։ Եթե սեղմոնների կենտրոնները (Թկ կամ Կկ) համընկնում են դարսի հետ, ապա սեղմոններն ընդգրկում են դարսի մեջ։ Որպես կանոն, միակողմանի դարսերի ներսի ծալագիծը պետք է համընկնի երկայնական թելի հետ։

Փոթեր (նկ. 4). դետալները զուգահեռաբար կամ կոնաձև լայնացնելով (կախված նրանից, թե որ մասում և որքան փոթեր պետք է անել)՝ կարելի է ստանալ փոթեր։ Եթե ամբողջ դետալն է փոթավորվում, ապա խորհուրդ է տրվում կիրառել զուգահեռ լայնացման եղանակը, դետալի վրա հավասարահեռ գծեր տանել, դետալը կտրել ըստ այդ գծերի և միմյանցից հեռացնել այնպես, ինչպես նկ. 4 ա-ում է պատկերված։ Կոնաձև լայնացնում են, եթե փոթավորում են միայն մի մասը (նկ. 4, բ)։ Լայնացման չափը կախված է գործվածքի որակից և ընտրված ձևից։ Նկարագրված եղանակները կիրառում են նաև հագուստի այլ մասերը փոթավորելու համար։

Կիսաշրջազգեստի ձևվածք (նկ. 5) պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ չափսերը՝ գոտկատեղի շրջագիծը (Գշ), կոնքի շրջագիծը (Կշ), կիսաշրջազգեստի երկարությունը (Կե)։ Վեց կամ ուաթտապականի կիսաշրջազգեստի համար բավական է ունենալ միայն մեկ տապակի ձևվածքը (նկ. 5, ա)։

«Գոդե» տեսակի կիսաշրջազգեստ. մոդելից կախված, կիսաշրջազգեստի փեշը կարելի է լայնացնել ցանկացած ձևով (նկ. 5, բ)։ Փեշը հավասարեցնելիս պետք է հաշվի առնել, որ երկայնաթելի նկատմամբ 45° անկյունով շեղված մասերում կտորը կախվում է։ Միակողմանի տապակով «գոդեի» համար քիչ կտոր է ծախսվում։ Փեշը կարելի է լայնացնել նաև ներդնովի ճտով։ Այս տեսակի կիսաշրջազգեստը հատկապես գեղեցիկ է ստացվում զոլավոր գործվածքից։

Գեր կազմվածքի համար երկար կիսաշրջազգեստի առանձնահատկությունները (նկ. 6). ձևվածքի գծագիրը պատրաստելու սկզբունքները բերված են կիսաշրջազգեստ հոդվածում։ Գոտկատեղի սեղմոնները բաշխելիս հաշվի են առնում կազմվածքի առանձնահատկությունները։ Առաջամասի սեղմոններն անում են 1-2 սմ խորությամբ, երբեմն դրանք ներառում են կողքի կարի մեջ՝ փոքրացնելով սեղմոնի բացվածքը մինչև 1,5-2 սմ, իսկ մնացած մասը ներառում են հետնամասի սեղմոնների մեջ (նկ. 6, ա)։ Նշված թվերը մոտավոր են, ճշտվում են չափափորձման ժամանակ։ Կիսաշրջազգեստի լավ «նստելու» հիմնական չափանիշը կողքի կարի ուղղաձգությունն է։ Նկ. 6 բ, գ-ում բերված են գոտկատեղի գիծը և փեշը հավասարեցնելու եղանակները։ Եթե գոտկատեղի և կոնքի կիսաշրջագծերի չափերը շատ են տարբերվում, ապա յուրաքանչյուր կեսի վրա 2-ական սեղմոն են անում (նկ. 6, ղ)։