ՅՈՒՂ հալած, բարձր կալորիականության սննդամթերք (99 % կաթնաճարպի խտանյութ)։ Ստանում են կարագը հալելով։ Կարագի կենսաբանական և համային հատկությունները պահպանելու համար, որպես կանոն, հալելիս այն երկար չեն եռացնում։ Սովորաբար, նախքան հալելը, կարագն աղ են դնում, թողնում առնվազն 2,5 ժամ։ Այնուհետև եռացնում են մինչև երեսին բաց վարդագույն փառ գոյանալը։ Կարագի արժեքավոր հատկություններն առավել պահպանելու համար այն հալում են նաև այլ եղանակով. կարագով կաթսան դնում են կրակին, եռման չհասցնելով վերցնում, թողնում, որ հովանա։ Այնուհետև կաթսան տեղավորում են սառնարանում։ Առնվազն 12 ժամ թողնելուց հետո կաթսան հանում են սառնարանից, զանգվածը ճեղքում մինչև հատակը և կաթսան թեքում։ Կաթնանման հեղուկը թափելուց հետո մնացած զանգվածը հալում են, աղ գցում և եռացնում 15-20 րոպե։ Յուղը պահում են փակ ամանում, մութ և հով տեղում։