ՆԱՐԳԵՍ, նարցիս, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույսերի ցեղ։ Ընդգրկում է 30 (այլ տվյալներով՝ 60) տեսակ։ ՀՀ-ում բնական պայմաններում չի հանդիպում։ Պարտեզային Ն-ները ստացվել են շատ տեսակների հիբրիդացումից։ Հայտնի է մոտ 12 հզ. սորտ, որոնք բաշխված են 11 խմբերում։ Մշակության մեջ՝ բաց գրունտում, օգտագործում են խողովակավոր, խոշորապսակ, մանրապսակ, լիաթերթ, կտրտված պսակով Ն-ների բազմաթիվ սորտեր։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում (ջերմոցներում, ծաղկաբուծական և տնամերձ տնտեսություններում) մշակվում է պոետական Ն. և հիբրիդային եղանակով ստացված բազմաթիվ սորտեր՝ ժայլբուս, Վանսիոն, Գոլդեն Ապուր, Բիկոլոր էմպրեսս և այլն։

Ն. կարելի է տնկել ինչպես բաց գրունտում, այնպես էլ թաղարներում, ձմռանը նախաճեցնելու համար։

Տեղի ընտրությունը. գերադասելի են արևոտ վայրերը, բայց Ն. աճում է նաև կիսաստվերում, ուստի կարելի է տնկել ուժեղ քամիներից պաշտպանված հողամասերում։

Հողը. լավ է աճում ոռոգելի հողերում։ Ծանր, կավային հողերին պետք է ավելացնել ավազ, տորֆ, թեթևին՝ ճմահող, հումուս։ Թթու հողերն անհրաժեշտ է կրացնել։ Հողը նախապես պարարտացնել։

Պարարտանյութերը. լավագույն է համարվում քայքայված բուսահողը կամ կոմպոստային հողը (1 մ²–ին՝ 8-10 կգ)։ Վերափորելիս պետք է ավելացնել ֆոսֆորական պարարտանյութեր (1 մ²-ին՝ 60 գ սուպերֆոսֆատ)։

Սեզոնի ընթացքում մի քանի անգամ սնուցել։ Վաղ գարնանը, երբ ձյունը դեռ ամբողջովին չի հալվել, օգտագործել հանքային պարարտանյութեր (NPK, 1 մ²–ին` 80-120 գ, 2:1:1 հարաբերությամբ)։ Կոկոնակալման սկզբում կատարել 2-րդ սնուցումը նույն հաշվարկով` 1:2:1 հարաբերությամբ, ծաղկման ժամանակ՝ 3-րդ սնուցումը (1 մ²–ին՝ 30-35 գ, 1:1 հարաբերությամբ)։

Տնկումը. Ն. պետք է տնկել սեպտեմբերի կեսերին՝ 10-15 սմ խորությամբ։ Ծանր հողերում տնկել ավելի մակերեսորեն, թեթևում` խոր։ Սոխուկների միջև հեռավորությունը պետք է լինի մինչև 10 սմ, շարքերինը` 20-25 սմ։ Միևնույն տեղում Ն. լավ է աճում 3-5 տարի։ Առավել առատ ծաղկում է տնկման 2-3-րդ տարում (խոշոր սոխուկներ)։ Սոխուկից ստացված երիտասարդ սոխուկը ամենաարագ բազմանում է 3-րդ տարում, ուստի խորհուրդ է տրվում Ն. հողից հանել տնկումից 3 տարի հետո։

Խնամքը գրեթե նույնն է, ինչ վարդկակաչինը։ Չպետք է թույլ տալ, որ հողը շատ պնդանա։ Ձմռանը Ն. պետք է ծածկել բասահողով (կոմպոստ, տորֆ, տերևներ)։ Աճման ամբողջ շրջանում բույսը պահանջկոտ է սնուցման տարրերի նկատմամբ, քանի որ բողբոջների ձևավորման ու զարգացման շրջանը շատ երկարատև է։

Հողից հանելը. սոխուկները հողից հանում են, երբ տերևներն ամբողջովին դեղնած են։ Խորհուրդ է տրվում հանել հատուկ եղանով։ Հողից հանված սոխուկները մեկ շերտով դասավորել արկղերում, չորացնել ստվերում, ծածկի տակ, 1-2 օրվա ընթացքում, այնուհետև շինությունում՝ 20-22 °C ջերմաստիճանում։ Չորացված սոխուկները պետք է մաքրել հողից ու հին արմատներից և մինչև տնկելը պահել 16-18 °C–ի պայմաններում։

Նախաճեցումը. Ն-ի գրեթե բոլոր սորտերը հեշտորեն ենթարկվում են ձմեռային նախաճեցման։ Դրա համար պետք է ընտրել 4 սմ-ից ավելի տրամագծով, 60 գ զանգվածով սոխուկներ և մինչև տնկելը պահել 17 °C ջերմաստիճանում։ Այնուհետև սոխուկները տնկել ավազով լցված արկղերի, թաղարների մեջ և տեղադրել մութ շինությունում (5-9 °C ջերմաստիճանի, մոտ 100 % հարաբերական խոնավության պայմաններում) և թողնել 14-16 շաբաթ։ Ծաղկումից 2 շաբաթ առաջ, երբ ծիլերն ունենան 10 սմ բարձրություն, բույսերը տեղափոխել 15-17 °C ջերմաստիճան և մոտ 50 % խոնավություն ունեցող լուսավոր տեղ։ Ծաղկումից անմիջապես հետո բույսերը դնել սառը տեղ (10-12 °C ջերմաստիճանում), որտեղ կծաղկեն ևս մի քանի օր։

Հիվանդությունները. Ն-ներն ախտահարվում են սնկային, վիրուսային և այլ հիվանդություններով։

Սնկային է մոխրագույն փտումը, որն առաջացնում է տերևների, տերևանութների, սոխուկի վզիկների փտում։ Սկլերոտինային փտման դեպքում սոխուկները պատվում են սնկի սպիտակ փառով՝ սև կարծրացումներով։ Սոխուկը փտում է։ Ֆուզարիոզ հարուցող սնկերը սկզբում առաջացնում են սոխուկի տակի գորշացում, այնուհետև փտումն անցնում է ամբողջ սոխուկին՝ թեփուկների միջև գոյացնելով սնկի սպիտակավարդագույն ոստայնափառ։ Բծավորության դեպքում տերևները դեղնում և չորանում են։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ վարդկակաչի համար։

Վիրուսային հիվանդություններ. սպիտակ զոլավորություն, ծաղկումից հետո տերևների ծայրերում ջրերին զուգահեռ առաջանում են կարմրավուն զոլեր, որոնք տարածվելով տերևի ամբողջ մակերեսով, սպիտակում են։ Այնուհետև դրանք ձուլվում են և տերևը մահանում է։ Որոշ սորտերի մոտ բծավորությունն առաջանում է նաև ծաղկակոթունների վրա։ Սոխուկները մանրանում են։ Դեղին զոլավորության դեպքում տերևների վրա գոյանում են գծեր և զոլեր, որոնք հետագայում դառնում են վառ դեղին։ Տերևները կարող են թեթևակի ոլորվել։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը հեռացնել և ոչնչացնել։

Նեմատոդային հիվանդություն. ցողունային նեմատոդը առաջացնում է սոխուկների օղակաձև կամ երկայնակի փտում: Տերևները ծռմռվում են, ունենում են թեթևակի լայնական կնճռոտվածություն, ծաղկակիրները խիստ կարճանում են։ Ախտահարված սոխուկները փափկում են, ուժեղ ախտահարվածները՝ փտում։ Նեմատոդները կուտակվում են սոխուկների տակ և վզիկում՝ գոյացնելով մոխրասպիտակավուն փառ։ Հիվանդ բույսերը թոշնում են, վատ են ծաղկում, լավ չեն աճում, ուժեղ ախտահարվելիս՝ ոչնչանում։

Պայքարի միջոցները. հիվանդ սոխուկները հեռացնել։ Բույսերի հաջորդափոխում՝ թավշածաղիկ աճեցնելով։ Հողից հանելուց 3 շաբաթ անց սոխուկները 2-4 ժամ շոգեհարել տաք ջրում (43-45 °C)։ Հողը մշակել կարբաթիոնով։

Վնասատուները. արմատային սոխային տիզը կրծոտում է սոխուկի տակը, թափանցում ներս և հյութը ծծում։ Վնասված սոխուկները չորանում են։

Նարգեսային մեծ ճանճի թրթուրները սնվում են սոխուկների հյութով և վնասում դրանց։

Պայքարի միջոցները. տնկելուց առաջ սոխուկների ախտահանում կելտանով (0,2 %), ռոգորով (1 %), ագրոտեխնիկական միջոցառումներ, ճիշտ ցանքաշրջանառություն։