ՏՏՀ/Նկարներ բնակարանում
ՆԿԱՐՆԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ, բնակարանի հարդարանքի կարևոր տարրերից են նկարները (յուղաներկ, ջրաներկ, պաստել, վերատպություններ, վիմատիպ նկարներ, լուսանկարներ ևն)։ Դրանք կարելի է կախել ընդհանուր սենյակում, ննջասենյակում, մանկական սենյակում, խոհանոցում, նախասենյակում։
Ջրանկարները սովորաբար երիզում են սպիտակ կամ գունավոր (բաց գույնի) թղթից պատրաստված ներդիրակալով (պասպարտու), որը պատրաստում են հետևյալ կերպ. թղթի (սվարաթղթի) վրա նկարի չափերից փոքր բացվածք են անում և ստացված շրջանակը դնում նկարի վրա։ Կտրված մասի եզրերը (4-7 մմ, իսկ մեծ ջրանկարների համար՝ մինչև 10 մմ և ավելի) կարելի է ծալել նկարի նկատմամբ որոշ անկյունով (նկ. 1, 2)։ Այս եղանակով կարելի է ձևավորել պաստելով արված նկարները, փորագրանկարները, վիմատիպ նկարները։
Յուղանկարի շրջանակը գույնով, նախշով, լայնությամբ և խորությամբ պետք է համապատասխանի նկարի չափերին, գուներանգին, բնույթին։ Մուգ գույներով նկարը խորհուրդ չի տրվում երիզել բաց գույնի շրջանակով (այդ դեպքում նկարն ավելի մուգ կթվա), ինչպես բաց գույներով նկարը՝ մուգ շրջանակով։ Որքան մեծ են նկարի չափերը, այնքան լայն և «ծանրակշիռ» պետք է լինի շրջանակը։ Որոշ դեպքերում փոքր նկարների համար շահեկան են լայն և խոր շրջանակները։ Հարմար շրջանակ չունենալու դեպքում ավելի լավ է նկարը երիզել բարակ փայտաձողով կամ ձևավոր ձողից պատրաստված շրջանակով։ Ջրանկարները և պաստելով արված նկարները ապակեպատում են և երիզում շրջանակով կամ էլ դնում ապակու և ստվարաթղթի արանքում, որոնց եզրերը սոսնձում են թղթի կամ սոսնձալաթի բարակ շերտով։ Ջրանկարը արևի լույսից խունանում է, ուստի այն պետք է կախել ստվերոտ պատին։ Նկարները կախելիս անհրաժեշտ է հաշվի առնել կահույքի դասավորությունը։ Կահույքի բարձր տարրերի վերևում խորհուրդ չի տրվում նկարներ կախել, ավելի հարմար են պատերի ազատ հատվածները։ Չեզոք, հանգիստ գույնով և նախշերով պատը (ներկած կամ պաստառապատ) հարմար է ցանկացած նկարի համար։