ՏՏՀ/Ննջասենյակ
ՆՆՋԱՍԵՆՅԱԿ, լինում են միայն քնելու համար նախատեսված, մանկական սենյակի հետ համակցված և աշխատանքային անկյուն ունեցող Ն-ներ։
Ն-ի կահավորանքի հիմնական իրերն են մահճակալները և զգեստապահարանները։ Ցուրտ կլիմայի պայմաններում խորհուրդ չի տրվում մահճակալները դնել սենյակի արտաքին պատի մոտ։ Ժամանակակից բնակարանների ոչ մեծ չափերի Ն-ներում երկտեղ մահճակալը հարմար է դնել երկար պատին ուղղահայաց։ Եթե Ն. և սանհանգույցն ընդհանուր պատ ունեն, ձայնամեկուսացման համար նպատակահարմար է զգեստապահարանը դնել այդ պատի երկայնքով (տես Ներկառուցված կահույք): Ն-ի կահավորման այս տարբերակն առավել արդյունավետ է մակերեսի խնայողության տեսակետից։ Ն. կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ մահճակալի և պահարանի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 70-75 սմ, որպեսզի հնարավոր լինի պահարանի փեղկերը բացելիս ազատ մոտենալ մահճակալին։ Մանր առարկաների համար մահճակալի գլխամասում դնում են ցածր պահարան։ Հայելիավոր պահարանը կարող է ծառայել որպես հարդարանքի սեղան (նպատակահարմար է այն դնել լուսամուտի մոտ)։ Նեղվածքի դեպքում ցածր պահարանները կարելի է փոխարինել փոքր կախովի պահարաններով։ Հարմար են Ն-ի կահույքի այն լրակազմերը, որոնցում մահճակալի գլխամասում դնելու համար նախատեսված են միասնական կառուցվածքով միավորված կահույքի զանազան առարկաներ (օգտագործվում են որպես ցածր պահարաններ, գրքերի և լուսակալների դարակներ, հարդարանքի սեղաններ, անկողնային սպիտակեղենի արկղեր)։
Ընդարձակ Ն-ում կարելի է դնել սովորական կամ ճոճվող բազկաթոռ և հատակաջահ՝ ստեղծելով ընդհանուր սենյակից հեռու և բավականաչափ մեկուսացած հանգստի անկյուն։
Մանկական սենյակի հետ համակցված Ն-ում առանձնացվում է մանկական անկյուն:
Հաճախ Ն. օգտագործվում է որպես աշխատասենյակ։ Սակայն, 10-12 մ մակերեսով սենյակում դժվար է տեղ հատկացնել աշխատասեղանի համար։ Նպատակահարմար է ունենալ լուսամուտագոգի հետ միավորված 71-75 սմ բարձրության ներկառուցված սեղան, այն կարող է լինել պատից պատ՝ մի կողմից հենված պատին ամրացված անկյունակին, մյուս կողմից ցածր պահարանին։ Սեղանի լայնությունը չպետք է գերազանցի 40-50 սմ։ Անկյունի մասում այն կարելի է լայնացնել՝ որպես գրասեղան օգտագործելու համար։ Դա կարող է ծառայել նաև արդուկելու, կարելու, հյուսելու համար, որպես հարդարման սեղան բացովի կափարիչին ամրացված հայելիով: Եթե լուսամատի տակ ջեռացման մարտկոց կամ ջերմափոխանցիչ կա, ապա սեղանի երեսին պետք է անցքեր բացել օդի շրջանառության համար։ Ն-ի կահավորանքի կարևոր տարրերից են վարագույրները, ծածկոցները, գորգերը։ Միատեսակ գործվածքից կարված վարագույրները և մահճակալի ծածկոցները ամբողջական տեսք են տալիս Ն-ի ինտերիերին։ Ն-ի պատերը կարելի է հարդարել նաև գործվածքով այն ձգելով փայտե շրջանակների կամ ձողերի վրա, կամ էլ սոսնձելով մածկած պատերի մակերևույթին։