ՇԱՐՈՑ, սուջուխ, ընկույզով, դոշաբով և համեմունքներով պատրաստվող քաղցրավենիք։

Չոր ընկույզը 1 օր թրջոց դնել, ապա կոտրել, միջուկը բաժանել 4 մասի և շարել ամուր թեփ վրա։ Շարանի ներքևում պետք է լինի միջուկի կեսը՝ հարթ կողմով դեպի վերև (որպեսզի շփոթը չծորի)։ Ընկույզի շարանները մի քանի օր չորացնել, 1-2 անգամ թաթախել տաք շփոթի մեջ և կախել չորանալու (10-12 օր)։ Շարանների տակ ափսեներ դնել։ Պատրաստի Շ-ին կարելի է փշատի ալյուր ցանել, որպեսզի մակերևույթը կպչուն չլինի։

Շփոթ. եփել խաղողի նոսր դոշաբ։ 2–րդ տեսակի ալյուրը լցնել արծնապատ ամանի մեջ, քիչ-քիչ դոշաբ ավելացնել և լավ խառնել։ Համասեռ լինելու համար զանգվածը մաղով քամել, ապա եփել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով փայտե գդալով, մինչև ստացվի դոնդողանման թանձր զանգված։ Եփելուց կես ժամ առաջ ավելացնել ծեծած մեխակ, դարչին, հիլ։

8 լ պատրաստի դոշաբին՝ 1,5 կգ 2-րդ տեսակի ալյուր, 2,5-3 կգ ընկույզի միջուկ, 1 կգ փշատի ալյուր, 1-ական թեյի գդալ մեխակ, դարչին, հիլ, վանիլին։