ՇԱՔԱՐ, սննդի մեջ օգտագործվող Շ. պատկանում է այն քիմիական նյութերի խմբին (Շ-ներ կամ ածխաջրեր), առանց որոնց անհնար է մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը (տես Սնուցում)։ Ածխաջրերի և ճարպերի փոխանակության խախտումներով ուղեկցվող որոշ հիվանդությունների (շաքարախտ, ճարպակալում) դեպքում անհրաժեշտ է կտրուկ սահմանափակել Շ-ի գործածությունը։ Բացի այդ, ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում Շ-ի չափից ավելի օգտագործումը նպաստում է հատկապես տարեց մարդկանց սիրտանոթային հիվանդությունների զարգացման։

Տարբերում են բարդ (օսլա, լակտոզ, սախարոզ) և պարզ (գլյուկոզ, ֆրուկտոզ) Շ-ներ։ Առավել տարածված բարդ Շ.՝ օսլան, պարունակվում է հացի, կարտոֆիլի, ձավարեղենի մեջ։ Բանջարեղենը, միրգը և մի շարք այլ մթերքներ օսլայից բացի պարունակում են նաև լակտոզ (կաթնաշաքար), սննդային Շ. սախարոզ (ճակնդեղա- կամ եղեգնաշաքար), պարզ Շ-ներ, որոնցից առավել տարածված են գլյուկոզը (խաղողաշաքար) և ֆրուկտոզը (մրգա– կամ պտղաշաքար)։ Առավել քանակությամբ գլյուկոզ կա խաղողահյութի, իսկ ֆրուկտոզ՝ մրգի և մեղրի մեջ։ Առավել դյուրամարս են պարզ Շ-ները (հատկապես գլյուկոզը), որոնք էներգիայի հարուստ աղբյուր են և օգտագործվում են օրգանիզմի մեջ բավարար քանակությամբ սննդարար նյութեր արագ ներմուծելու համար։

Սննդային Շ.՝ սախարոզը, ստանում են Շ-ի ճակնդեղի արմատներից և եղեգնաշաքարի ցողուններից։ Մարսողական ուղիում այն թույլ թթուների ազդեցությամբ տրոհվում է գլյուկոզի ու ֆրուկտոզի և արագ ներծծվում օրգանիզմի մեջ։

200 °C–ից բարձր ջերմաստիճանում Շ. սկսում է քայքայվել՝ ներկանյութեր առաջացնելով (այսպես կոչված, Շ-ի կարամելացում)։ Շ–ի այդ հատկությունը կիրառվում է հրուշակեղենի արդյունաբերության մեջ։ Շ-ի խիտ (64 %-ից բարձր) լուծույթներն ունեն պահածոյող հատկություն և օգտագործվում են մուրաբա, ջեմ, օշարակ պատրաստելու, ինչպես նաև միրգ և հատապտուղ պահածոյելու համար։

Շ-ի փոխարինիչներ են սորբիտը և քսիլիտը, որոնք կիրառվում են Շ-ի հակացուցման դեպքում (ճարպակալում, շաքարախտ)։

Սորբիտը քաղցրահամ, առանց հոտի, ջրում լավ լուծվող սպիտակ բյուրեղափոշի է։ Այն պարունակվում է արոսենու պտուղների և մի շարք մրգերի մեջ։ Սորբիտի քաղցրությունը երկու անգամ պակաս է Շ-ի քաղցրությունից։ Այն օգտագործելիս արյան մեջ Շ-ի քանակությունը չի փոխվում։ Շաքարախտով հիվանդների սննդի մեջ օրվա ընթացքում մինչև 100 գ սորբիտի օգտագործումը լիովին անվնաս է։ Սորբիտն ունի նաև լեղամուղ հատկություն։

Քսիլիտն օգտագործվում է սորբիտի պես։ Իր հատկություններով նման է սորբիտին, սակայն երկու անգամ քաղցր է Շ-ից։ Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 50 գ-ից ոչ ավելի քսիլիտ։