ՇԱՔԱՐԱՉԻՐ, ցակատ, պատրաստում են նախապես շաքարաջրի մեջ եփած (ամբողջական կամ կտրտած) միրգը, ցիտրուսային պտուղները, ձմերուկի, դդմի, սեխի կտրտած կեղևը չորացնելով։ Շ. պետք է ծածկված լինի բյուրեղացած շաքարի բարակ շերտով։ Շ. մատուցում են որպես անուշեղեն կամ օգտագործում տորթերի և քաղցր կարկանդակների լցոնման և ձևավորման համար։

Ծիրանի Շ. կարելի է պատրաստել ամբողջական կամ կիսած պտուղներից։ Ամբողջական պտուղը պատառաքաղով ծակծկել, դնել եռացող շաքարաջրի մեջ (1 կգ շաքարին՝ 1 1/2 բաժակ ջուր), եռման հասցնել, ապա կրակից վերցնել և թողնել մեկ օր (պտուղների վրա շրջած ափսե դնել, որպեսզի դրանք ամբողջովին ընկղմվեն շաքարաջրի մեջ)։ Ծիրանն օշարակից հանել, դնել քամիչի մեջ և կորիզները հանել (մատիտի հաստության փայտիկով)։ Օշարակը եռացնել, ծիրանը լցնել մեջը, անմիջապես կրակից վերցնել և թողնել ևս մեկ օր։ Հաջորդ օրը նկարագրված գործողությունը կրկնել և դարձյալ թողնել մեկ օր։ Օշարակը քամվելուց հետո ծիրանը շարել տախտակի, սկուտեղի կամ ցանցի վրա և չորացնել արևի տակ կամ ոչ տաք ջեռոցում (բաց դռնակով)։ Ամբողջական պտուղների մեջ կարելի է դնել ծիրանի կորիզի, նուշի կամ ընկույզի միջուկ։ Պատրաստի Շ. դասավորել տուփի մեջ (շերտերի արանքում թուղթ փռել)։

Սալորի և թզի Շ. պատրաստում են ծիրանի Շ-ի պես՝ ընկույզի փոխարեն պտղի մեջ դնելով մի կտոր նարնջի կամ կիտրոնի կեղև։

Նկարագրված եղանակով կարելի է պատրաստել խնձորի, դեղձի, սերկևիլի, բալի, սպիտակ կեռասի Շ.։

Ձմերուկի և դդմի կեղևի Շ. պատրաստելու համար նախ դրանցից եփում են մուրաբա (առանց կիտրոնաթթու ավելացնելու), ապա օշարակը քամում և Շ. չորացնում նկարագրված եղանակով։