ՈՐՍԱՄԻՍ, վայրի թռչունների (կաքավ, աքար, ցախաքլոր, լոր, վայրի սագ և բադ, մորակտցար ևն) և վայրի կենդանիների (նապաստակ, վարազ, քարայծ ևն) միս։

Վայրի թռչնի միսն ի տարբերություն ընտանի թռչնի մսի, ունի ավելի մուգ երանգ, յուրահատուկ համ, պարունակում է ավելի շատ սպիտակուցներ և քիչ ճարպ։ Էգ թռչնի միսն ավելի նուրբ և փափուկ է, քան արուինը (վերջինս աչքի է ընկնում վառ փետուրներով և մսեղիքի խոշորությամբ)։ Խամրած և գորշ կտուցով, փոս ընկած աչքերով, կանաչավուն մաշկով, բորբոսով, անդուր հոտով մսեղիքը պիտանի չէ իբրև սննդամթերք։

Ո. հաճախ տապակում են, երբեմն խաշում կամ տարբեր սոուսներով ջեռեփում։ Քանի որ Ո. սովորաբար ճարպոտ չէ, ապա ամբողջ մսեղիքը (կամ միայն կրծքամասը) գիրուցում են կամ փաթաթում խոզի անալի ճարպով (կապելով թելով)։ Ո-ով սառը կերակրատեսակը մատուցում են մայոնեզով զանազան պտուղների և բանջարեղենի մարինադի հետ։ Սառը մսի մանր կտրտած կտորները կարելի է օգտագործել սալաթի մեջ։ Մսեղիքի նախնական մշակման մասին տես Թռչնամիս հոդվածում։ Սառնարան չլինելու դեպքում խորհուրդ է տրվում թռչնի մսեղիքը փաթաթել քացախով թրջած սրբիչով (չորանալու դեպքում կրկին թրջել)։ Այս եղանակով մսեղիքը կարելի է պահել 2-3 օր։ Փորոտիքը չհանած թռչունն ավելի երկար է պահպանվում, քան փորոտիքը հանածը։ Վայրի կենդանիների միսը ջերմամշակումից առաջ բաստուրմա են դնում։

Տես նաև Նապաստակ (միս), Կաքավ, Լոր, Աքար, Ցախաքլոր, Փասիան: