ՊԱՍՏԱՌ, միագույն կամ բազմագույն ֆոնի վրա տպված (կամ ճնշատպված) տարբեր երանգի նախշերով հարդարման նյութ՝ թղթե հիմքով։ Պ-ների զարդագեղ երեսպատվածքը կարող է նմանակել փայտի հյուսվածքաշերտ, գործվածքի մակատեսք, մետաղի մակերևույթ ևն։ Լինում են բուսական (ծաղիկներ, բույսեր), ոճավորված նախշերով, ինչպես նաև ընդհանուր պատկեր ստեղծող մանրանախշերով Պ-ներ։

Խիտ թղթից պատրաստվող ճնշատպված, մետաքսանման, մետաղավորած, սատինանման, թաղանթապատ բարձրորակ Պ-ները քողարկում են պատերի մանր թերությունները և լրացնում բնակարանի ընդհանուր հարդարանքը։ Մետաղավորած Պ-ների ֆոնի և տպանախշի համար օգտագործվում են այնպիսի ներկեր, որոնց բաղադրության մեջ իբրև գունանյութ պարունակվում է բնական գույնի կամ նախապես ներկած մետաղափոշի (ալյումին, բրոնզ)։ Սատինանման Պ-ների համար օգտագործվող ներկերին խառնվում է մանրացրած փայլար, որը զարդագեղ պատվածքին տալիս է սատինի փայլ։ Պ-ների որոշ տեսակներ խոնավադիմացկուն են։ Դրանք կարելի է մաքրել խոնավ լաթով։ Թաղանթապատ Պ-ները դիմացկուն են ջրի և լվացալուծույթների նկատմամբ։

Պ-ի ընտրությունը։ Բնակարանը հարդարելիս կարևոր է հաշվի առնել սենյակների առանձնահատկություններն ու չափերը (մակերես, բարձրություն)։ 9-12 մ² մակերեսով սենյակների համար խորհուրդ է տրվում օգտագործել բաց գույնի, մանր, ոչ ցայտուն նախշով Պ., որի շնորհիվ սենյակն ավելի ընդարձակ է թվում։ 15-20 մ² մակերեսով սենյակը կարելի է պաստառապատել ավելի խոշոր նախշերով ոչ շատ խայտաբղետ Պ-ով։ 2,5-2,7 մ բարձրության սենյակները խորհուրդ է տրվում հարդարել ընդգծված ուղղաձիգ նախշերով (զոլեր ևն) Պ-ով, որի շնորհիվ սենյակն ավելի բարձր է թվում։ Բարձր, բայց ոչ մեծ մակերեսով սենյակների համար նպատակահարմար է կիրառել հորիզոնական դասավորություն ունեցող նախշերով Պ., որը դիտողականորեն ցածրացնում է սենյակի առաստաղը։

Պ. ընտրելիս հարկավոր է հաշվի առնել լուսամուտների դասավորությունը։ Եթե լուսամուտները հյուսիսահայաց են, խորհուրդ է տրվում ընտրել ջերմ երանգների Պ.՝ բաց դեղնավուն, նարնջագույն ևն։ Սառը երանգների (երկնագույն-կանաչավուն, գորշ երկնագույն, գորշ կանաչավուն) Պ-ները հարմար են հարավահայաց լուսամուտներով սենյակների համար։ Հարավային շրջաններում նպատակահարմար է օգտագործել հագեցած մուգ գույնի (օրինակ, կապույտ, մուգ երկնագույն, թրծակավի գույնի) Պ-ներ։ Ոչ բավարար բնական լուսավորությամբ սենյակների համար ընտրում են տաք երանգների՝ նարնջադեղնավուն, կանաչադեղնավուն, ոսկեդեղնավուն Պ-ներ, որոնք լավ են անդրադարձնում արևի լույսը և ավելացնում սենյակների լուսավորությունը։

Պ-ի գույները և նախշերը պետք է համապատասխանեն կահույքի գույնին։ Եթե սենյակի գեղազարդման գործվածքները (կահույքի երեսքաշը, վարագույրները ևն) նախշավոր են, ապա ավելի լավ է ընտրել առանց նախշի կամ աչքի չզարնող նախշով Պ.։ 2,5-3 մ բարձրության սենյակներում Պ-ի երիզաշերտը պետք է լինի ոչ լայն (մոտավորապես 2-4 սմ)։ Վաճառվող երիզաշերտերն ունեն մինչև 50 սմ լայնություն և միանման բազմաշերտ նախշեր, ուստի դրանք հարկավոր է կտրատել նեղ շերտերի։

Մեներանգ Պ-ների համար պետք է ընտրել նույն երանգի, բայց ավելի պայծառ գույնի երիզաշերտ։ Օրինակ, ոսկեդեղնավուն Պ. կարելի է երիզել բաց շագանակագույն նեղ երիզաշերտով, իսկ աչքի զարնող նախշով Պ.՝ Պ-ի ֆոնի գույնի կամ փոքր-ինչ ավելի մուգ երիզաշերտով։

Մեկ սենյականոց բնակարանի սենյակի պատերի պաստառապատման համար ավելի լավ է կիրառել հանգիստ երանգների, իսկ նախասենյակի և խոհանոցի համար՝ ավելի պայծառ գույների Պ-ներ։ Այսպես, եթե սենյակը պաստառապատված է մոխրագույն Պ-ով, ապա նախասենյակում լավ կդիտվեն հագեցած կանաչ գույնի, իսկ խոհանոցում՝ կիտրոնագույն Պ-ները։

Երկու սենյականոց բնակարանի՝ ընդհանուր դուռ ունեցող սենյակները կարելի է հարդարել միատեսակ նախշերով և գույներով Պ-ով, ինչը դիտողականորեն մեծացնում է սենյակի չափերը՝ դուռը բաց լինելու դեպքում։

Պ. փակցնելը։ Պ-ները թողարկվում են 500, 600 և 750 մմ լայնության գլանափաթթոցներով՝ 7,0, 10,5, 12,0 և 18,0 մ ընդհանուր երկարությամբ։ Սենյակները պաստառապատելու համար հարկավոր է, ելնելով սենյակների բարձրությունից, հաշվարկել, թե քանի ժապավենաշերտ կստացվի Պ-ի մեկ փաթթոցից, այնուհետև պարզ հաշվարկով որոշել փաթթոցների անհրաժեշտ թիվը։

Պաստառապատման ընթացքում օդի ջերմաստիճանը պետք է լինի 5 °C–ից ոչ պակաս։ Պ. փակցնում են պատի հավասար, հարթ և չոր մակերևույթին։ Խոնավ սենյակները (լողասենյակ, ցնցուղարան) չեն պաստառապատում։ Պ. փակցնում են ներկարարական աշխատանքներն ավարտելուց հետո (բացառությամբ հատակի ներկումը)։

Սվաղած պատերը մաքրում են հղկանյութերով (հղկաքար, հղկաթուղթ) կամ չեչաքարով, վերացնում անհարթությունները։ Նրբատախտակով կամ չոր սվաղով պատված պատերի նախապատրաստման համար հարկավոր է կարերը սվաղել մածիկով և չորանալուց հետո հղկել չեչաքարով։ Մեխերի գլխիկները պետք է «ընկղմել» նրբատախտակի կամ սվաղի խորքը և մածկել։

Պաստառապատումից առաջ անհրաժեշտ է խնամքով փակել պատերի, շրիշակների և պարակալների միջև եղած բոլոր ճեղքերը։ Պաստառապատված սենյակներում նոր Պ. փակցնելիս հարկավոր է հեռացնել հին Պ. (նախապես 2-3 անգամ թրջելով տաք ջրով), պատերը մաքրել հղկանյութով։ Հին Պ-ների դուրս ցցված եզրակարերը կարելի է մաքրել չեչաքարով։ Կրաներկով, սոսնձի կամ կազեինի ներկերով ներկած պատերը հարկավոր է թրջել ջրով, հեռացնել ներկաշերտը, վերականգնել սվաղը և չորացնել։

Սովորական և միջին որակի Պ-ները փակցնում են եզրածածկումով, ուստի դրանց եզրերը մկրատով կտրվում են միայն մի կողմից (նկ. 1)։ Խիտ թղթից պատրաստված բարձրորակ Պ-ները փակցվում են կիպ իրար կպած, երկու կողմից եզրերը կտրելով։ Պ-ի ժապավենաշերտի երկարությունը պետք է հավասար լինի քիվի ներքևի մասից մինչև շրիշակի վերին եզրը եղած հեռավորությանը՝ 10 սմ ավելցուկով։ Տարբեր թերթերի հորիզոնական նախշերը համընկնում են եզրաշերտերի սլաքները համատեղելու դեպքում։ Դռների վերևի և լուսամուտների տակի մասերը պաստառելու համար կարելի է օգտագործել փաթթոցը ժապավենաշերտերի բաժանելուց մնացած կտորները։

Կտրտված ժապավենաշերտերը դարսվում են հատակին փռած թղթի վրա, երեսակողմը ներքև, տակի յուրաքանչյուր ժապավենաշերտ պետք է 1,5-2 2 սմ առաջ լինի վերևինից։ Եթե Պ-ները դասավորված են այդ ձևով, ապա շրեշը քսելիս դրանց երեսակողմը չի աղտոտվի։ Ժապավենաշերտերը շրեշապատում են բարակ հավասար շերտով վրձինը շարժելով ժապավենաշերտի երկարությամբ։ Պ-ների եզրերը շրեշապատում են երկու անգամ։ Խիտ թղթից Պ-ներն անհրաժեշտ է շրեշապատել 2 անգամ, 5 րոպեանոց ընդմիջումով։ Նախապատրաստած ժապավենաշերտը զգուշությամբ ծալում են երեքտակ այնպես, որ առանձին ծալքաշերտերն իրար չկպչեն (նկ. 2)։ Այդ դիրքով Պ. պահում են որոշ ժամանակ, որից հետո այն ավելի լավ է կպչում պատին, և պղպջակներ ու ծալքեր չեն գոյանում։

Պաստառապատումը, իբրև կանոն, սկսում են արտաքին պատի անկյունից։ Եզրածածկման եղանակով փակցնելիս Պ-ի կտրված եզրը պետք է ուղղված լինի լույսի կողմը, դեպի լուսամուտը կցամասերում ստվերաշերտերի առաջացումը բացառելու համար։

Շրեշապատված ժապավենաշերտը պատին են փակցնում վերին մասից (նկ. 3), հարթեցնում լաթով կամ խոզանակով՝ նախ ժապավենաշերտի միջին մասի երկայնքով, ապա՝ եզրամասերում (նկ. 4)։ Կարելի է նաև թեթևակի ճնշում գործադրել՝ հարվածելով լաթով կամ խոզանակով, կամ էլ գրտնակել փափուկ գլանիկով։ Հաջորդ ժապավենաշերտը փակցնում են նախշը նախորդի նախշին հարմարեցնելով։ Եթե փակցվող ժապավենաշերտը ծռվում է (թղթի վատորակության կամ պատի անհարթության պատճառով) և ծածկում նախապես փակցված ժապավենաշերտի նախշերի մի մասը, այդ ժապավենաշերտը շտկելիս սովորաբար առաջանում են ծալքեր։ Նման ժապավենաշերտը կարելի է փակցնել նախշի փոքր-ինչ ավելի մեծ մաս ծածկելով։ Ժապավենաշերտը փակցնում են նաև եզրագծին խիստ համապատասխան, որի համար ծռված ժապավենաշերտի եզրը կտրում են 2-5 սմ-ով երկու-երեք տեղում։ Ընդհանրապես, եթե ժապավենաշերտի վրա ծալք է գոյանում և հնարավոր չի լինում այն ուղղել, ժապավենաշերտը կտրում են եզրից ծալքի տեղում, և կտրված մասերը միմյանց վրա դնում այնպես, որ ներքևի մասը վրայից փակցված լինի։

Խորհուրդ չի տրվում ամբողջական ժապավենաշերտը փակցնել անկյունում, քանի որ այն գործնականում երբեք կիպ և ուղիղ չի կպչի, կգոյանան կնճիռներ ու ծալքեր։ Պատի անկյունի կողմից վերջին ժապավենաշերտը պետք է ունենա այնպիսի լայնություն, որ ծածկի պատի մնացած չպաստառապատված մասը և վրածածկի անկյունը միայն 1,5-3 սմ-ով։ Ժապավենաշերտի այն մասը, որը վրածածկում է ոչ այնքան ուղիղ անկյունը և փակցվում կից պատին, կտրատում են մի քանի տեղից մինչև ծալքը, ինչն ապահովում է ժապավենաշերտի կիպ կպչելը առանց ծալքերի ու կնճիռների։ Փակցնելուց հետո Պ-ի շերտի ավելցուկը (քիվերի և շրիշակների մոտ) կտրում են։

Անհրաժեշտ է հետևել, որ պաստառապատման ժամանակ շրեշով չաղտոտվի Պ-ի երեսակողմը։ Ձեռքերը պետք է լինեն չոր և մաքուր։ Բաց երանգների Պ-ները հարթեցնելիս հարկավոր է անպայման լաթի կամ խոզանակի տակ թղթի մաքուր թերթ (բայց ոչ լրագիր) դնել։ Կնճիռներ, պղպջակներ և մուգ բծեր չառաջանալու համար պաստառապատելիս պետք է փակել լուսամուտները։ Պաստառապատված մակերևույթները հարկավոր է առաջին 3-4 օրերին զերծ պահել միջանցիկ քամուց, ուժեղ տաքանալուց կամ խոնավանալուց։

Պաստառապատման համար կիրառում են պատրաստի սոսինձներ, ալյուրի կամ կարտոֆիլի օսլայի շրեշներ (10 լ ջրին՝ 1 կգ հաշվով, կարելի է ավելացնել նախապես ջրում լուծված 100 գ չոր ատաղծագործական սոսինձ, իսկ միջատներից խուսափելու համար՝ փոքր քանակով քլորոֆոս կամ կարբոֆոս)։ Մաղած ալյուրի կամ օսլայի վրա լցնում են մի քիչ գոլ ջուր և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև բարակ շիթով ավելացնում են եռացրած ջուր, զանգվածը դարձյալ խառնում։ Շրեշը քամում են մաղով կամ թանզիֆով։ Վատ եփված շրեշը նախ եռացնում են, բայց ոչ հենց կրակի վրա, այլ ջրով լի ամանի մեջ, ապա քամում։ Պ-ները փակցնում են գոլ կամ սառը շրեշով։ Շրեշը կարելի է կիրառել պատրաստելուց հետո մեկ օրվա ընթացքում։