ՊՂՊԵՂ, խոհարարության մեջ օգտագործում են սև, սպիտակ, բուրավետ և կարմիր (պատիճավոր) Պ.։

Սև և սպիտակ Պ. պղպեղազգիների արևադարձային փաթաթվող բույսի (լիանա) չորացրած պտուղն է։ Սև Պ. ստանալու համար հանում և չորացնում են թերհաս, իսկ սպիտակ Պ-ի համար՝ լրիվ հասուն պտուղները։ Սև Պ. սպիտակից տարբերվում է ոչ միայն գույնով, այլև կծվությամբ, սուր համով և հոտով։ Սննդի մեջ օգտագործում են Պ-ի ամբողջական (հատիկավոր Պ.) և աղացած պտուղները։ Հատիկավոր Պ. օգտագործում են ապուրի, մարինադի, թթվի, սոուսի, դոնդողային կերակուրների մեջ, միս և ձուկ եփելիս։ Պ. ավելացնում են կերակրի ջերմամշակման ավարտից առաջ (Պ-ով կերակուրը երկար եփելիս դառնանում է)։ Աղացած սև և սպիտակ Պ. օգտագործվում են զանազան կերակուրներ, խճողակներ և լցոններ համեմելու համար։

Բուրավետ Պ. մրտազգիների արևադարձային բույսի թերհաս պտուղն է։ Տեսքից նման է սև Պ-ի, սակայն հատիկներն ավելի խոշոր են, մուգ-դարչնագույն, հարթ մակերևույթով։ Բուրավետ Պ. (հատիկավոր կամ աղացած) օգտագործում են մարինադի, սոուսի, ապուրի մեջ։ Պ. պահում են պինդ փակած ամանի մեջ՝ չոր տեղ։

Պատիճավոր կծու Պ. (կարմիր), մորմազգիների բանջարաբույսի պտուղն է։ Պ-ի բարակ երկար պատիճները սուր բուրմունք և այրող համ ունեն (հատուկ նյութի՝ կապսարցինի շնորհիվ)։ Կարմիր Պ-ի պտուղները չորացնում են ամբողջական կամ աղացած. օգտագործում են ապուր, մարինադ, խաշած միս պատրաստելիս։ Աղացած պատիճավոր Պ. օգտագործում են նաև որպես համեմունք։ Պ-ի պատիճները կարելի է կախել չոր տեղ և պահել ամբողջ ձմեռ։