ՊՈՄԻԴՈՐ, տոմատ, լոլիկ, կարելի է թարմ վիճակում պահել 30-45 օր։ Դրա համար հարկավոր է պտուղները հավաքել, երբ դրանց կանաչ կեղևը դառնում է կաթնագույն։ Պտուղները պետք է դասավորել ոչ մեծ արկղերում կամ զամբյուղներում և պահել 10-12 °C–ում։ Դրանք ավելի լավ կպահպանվեն, եթե արանքներում լցվի լայնատերև ծառատեսակների թեփ։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պտուղները և ընտրել հասունացածները։ Հասուն Պ. սովորական պայմաններում պահվում է 2-3 օր, 0 °C–ում՝ 7 օր, իսկ Վարդագույն (չհասունացած) Պ. կարելի է պահել 2-3 շաբաթ։

Պ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, 25 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։

Խոհարարության մեջ Պ. օգտագործում են թարմ սալաթներ և այլ կերակրատեսակներ (տոլմա), սոուսներ, համեմունքներ ևն պատրաստելու, ինչպես նաև պահածոյելու, թթու դնելու համար (տես Թթու):

Պ. ապուրներին ավելացնում են պատրաստ լինելուց 10 րոպե առաջ։