ՊՈՄՊ, օգտագործում են ջրհորներից, գետերից և ջրամբարներից ոռոգման և տնտեսական այլ նպատակների համար անհրաժեշտ ջուրը արտամղելու և տարբեր ծավալներ լցնելու համար։ Թողարկում են էլեկտրական և ձեռքի Պ-եր։ Էլեկտրապոմպերից առավել տարածված են կենտրոնախույս և թրթռական Պ-երը։

Կենտրոնախույս ուղղաձիգ էլեկտրապոմպը նախատեսված է ջրհորից, հորատանցքից կամ բաց ջրամբարից մաքուր ջուր արտամղելու համար։ Այն կարող է 1 ժամում 7 մ խորությունից արտամղել 1,3-1,5 մ³ ջուր։ Պ-ի ստեղծած ընդհանուր ճնշումը ջրի սյան 20 մ է։ Թողարկվում է 220 Վ լարվածության, 350 Վտ հզորության, 5,3 կգ զանգվածով։ Պ. կարելի է ամրակայել ջրհորում կամ գետնի մակերևույթին կամ չամրակայել (լողացող Պ.)։ Ամրակայելու դեպքում օգտագործում են 3/4 դյույմ (19,05 մմ) տրամագծով պողպատե ջրմուղ խողովակներ, իսկ ժամանակավոր շահագործման դեպքում Պ-ի իրանին ամրացվում են պողպատե խողովակապտուկներ՝ նրան ռետինե ճկափողեր միացնելու համար։

Էլեկտրապոմպը կազմված է Պ-ից և էլեկտրաշարժիչից։ Պ-ի հիմնական մասը՝ բանող անիվը, մետաղե սկավառակի տեսքով շարժանիվն է, որի վերին մակերևույթին տեղադրված են թիաթաթեր։ Շարժանիվն ամրացվում է էլեկտրաշարժիչի լիսեռին։ Բանող անվի պտույտի (5000 պտույտ/ր) ժամանակ, ջուրը ընդունող խողովակաշարին միացրած ներքին ներծծող խոռոչից, անվակունդի անցքերով լցվում է վերին ճնշումային խոռոչի թիակների վրա և կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մղվում ճնշումային խողովակաշար։

Պ. աշխատում է միայն այն դեպքում, երբ դրա խոռոչներն ու ընդունող խողովակաշարերը նախապես լցված են ջրով։ Պ. ջրով լցնել և գործարկել կարելի է միայն իրանը հողակցելուց հետո։ 100 ժամ աշխատելուց հետո անհրաժեշտ է Պ. անջատել և զննել խողովակաշարը, ավազից մաքրել ապահովիչ ցանցը, ստուգել կոլեկտորն ու էլեկտրաշարժիչի խոզանակը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ յուղել առանցքակալները ևն։ Խորհուրդ է տրվում Պ-ը պահել ծածկի տակ։ Պ. նորոգում կամ զննում են միայն էլեկտրացանցից անջատելուց հետո։

Թրթռական սուզապոմպն ավելի պարզ կառուցվածք ունի քան կենտրոնախույս Պ., ջուրն արտամղում է ավելի մեծ խորությունից (20-40 մ)։ Ջուրը թրթռական Պ. է մտնում ճկափողով, ուր այն մղվում է մխոցի (աշխատում է էլեկտրամագնիսով) առաջընթաց հետադարձ շարժումով։

Մխոցային տեսակի, ձեռքի դյուրակիր հասարակ Պ. օգտագործում են տնային պայմաններում տարբեր նպատակներով (օրինակ, փոշեցրով պատերի, առաստաղի սպիտակեցում կամ ներկում, թփերի և ծառերի սրսկում ևն)։ Սրա կառուցվածքը և աշխատելու սկզբունքը նույնն է ինչ ավտոմեքենայի և հեծանվի մեջ օդ մղող (փչող) Պ-երինը։ Պ-ի բռնակը վեր բարձրացնելուց տարողության մեջ որոշակի քանակի հեղուկ է ներծծվում, ներքև իջեցնելուց ուժեղ շիթով դուրս մղվում անհրաժեշտ ուղղությամբ։