ՍԱԼԱԹ, պատրաստում են հում, խաշած, թթու դրած բանջարեղենից, մարինադից, ինչպես նաև աղցանաբույսերից, թարմ մրգից, հատապտղից, դրանց մարինադներից, խաշած, տապակած, աղ դրած, ապխտած մսեղենից և ձկնեղենից, ձվից և սնկից ևն։ Ս-ի մթերքը սառեցնում են և կտրտում բարակ շերտերով։ Թարմ բանջարեղենով Ս. խորհուրդ է տրվում պատրաստել անմիջապես մատուցելուց առաջ, քանի որ կտրտած բանջարեղենը կորցնում է սննդարարությունը և համը։ Մատուցելուց առաջ Ս-ին ավելացնում են ձեթի և քացախի խառնուրդ, թթվասեր, շաքարով կիտրոնահյութ, մայոնեզ: Մատուցելուց առաջ զարդարում են կանաչեղենով, պոմիդորի, վարունգի բարակ շերտերով ևն։

Թարմ պոմիդորով և վարունգով Ս.։ Լվացած վարունգը և պոմիդորը բարակ կտրտել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել ձեթի, քացախի և շաքարավազի խառնուրդ կամ թթվասեր, խառնել, լցնել սալաթամանի մեջ և վրան ցանել մանր կտրտած կանաչ սոխ և սամիթ։

4-5 պոմիդորին՝ 3 վարունգ, 100 գ կանաչ սոխ, 2 ճաշի գդալ ձեթ, 2-3 ճաշի գդալ քացախ կամ 100 գ թթվասեր, աղը, պղպեղը, շաքարավազը՝ ըստ ճաշակի։

Բողկով Ս.։ ճակնդեղը, գազարը, բողկը և խնձորը կեղևել, քերել խոշոր քերիչով, աղ ցանել և խառնել։ Թթվասերն ավելացնել մատուցելուց առաջ։

1 փոքր ճակնդեղին՝ 1 գազար, 1 թթվաշ խնձոր, 300 գ բողկ, 3 ճաշի գդալ թթվասեր, աղը՝ ըստ ճաշակի։

Կաղամբով Ս.: Կաղամբը, վարունգը, սոխը, կանաչին, եփած ձուն և խնձորը մանր կտրտել, ավելացնել կանաչ ոլոռ, խոշոր քերիչով քերած գազար, աղ ցանել և խառնել։ Մայոնեզն ավելացնել մատուցելուց առաջ։

500 գ կաղամբին՝ 1 գազար, 3 ճաշի գդալ կանաչ ոլոռ, 1 թթվաշ խնձոր, 1 վարունգ, 1 եփած ձու, 100 գ մայոնեզ, կանաչ սոխը, կանաչին (մաղադանոս, գինձ, սամիթ) և աղը՝ ըստ ճաշակի։

Դանդուռով Ս.։ Լավաշը կարմրացնել ջեռոցում կամ կրակի վրա (տապակի մեջ)։ Կանաչին, սոխը մանր կտրտել։ Մանր կտրտել նաև պոմիդորը, վարունգը և տաքդեղը, ավելացնել ծեծած սխտոր, դանդուռի տերևներ, ձեթ, կիտրոնի հյութ (կամ կիտրոնաթթու), աղ և լավ խառնել։ Փշրած լավաշը ավելացնել մատուցելուց առաջ։

1 տրցակ մաղադանոս, 1/2 տրցակ գինձ, 1/2 տրցակ կանաչ սոխ կամ 1 գլուխ սոխ, 3 պոմիդոր, 2 վարունգ, 1 տաքդեղ, 3-4 պճեղ սխտոր, 2 բուռ դանդուռի տերև, 1/2 լավաշ, 4-5 ճաշի գդալ ձեթ, 1/2 կիտրոնի հյութ (կամ 1 ճաշի գդալ ջրով բացած 1/4 թեյի գդալ կիտրոնաթթու), աղը՝ ըստ ճաշակի։

Ճակնդեղով Ս.: Ճակնդեղը քերել խոշոր քերիչով կամ աղալ մսաղացով։ Սոխառած անել, ավելացնել քիչ ջրով բացած տոմատի մածուկ և շաքարավազ, ապա քերած ճակնդեղը, տապակի կափարիչը դնել և 40-60 րոպե խաշել մարմանդ կրակի վրա։ Վերջում ավելացնել աղ և պղպեղ։ Մատուցել սառը վիճակում։ 1 կգ ճակնդեղին՝ 2-3 գլուխ սոխ, 1/2 բաժակ ձեթ, 2 թեյի գդալ տոմատի մածուկ, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

Թթու կաղամբով Ս.: Թթու կաղամբը, սոխը և կանաչին (մաղադանոս, գինձ), մանր կտրտել, ավելացնել շաքարավազ, ձեթ և լավ խառնել։

500 գ թթու կաղամբին՝ 1 գլուխ սոխ (կամ 1/4 տրցակ կանաչ սոխ), 1 թեյի գդալ շաքարավազ, 4 ճաշի գդալ ձեթ. կանաչին՝ ըստ ճաշակի։

Մսով Ս.։ Խաշած կամ տապակած միսը, խաշած ձուն և կարտոֆիլը, թարմ կամ թթու վարունգը կտրտել, ավելացնել կանաչ ոլոռ, աղ անել, ավելացնել մայոնեզ կամ թթվասեր, խառնել և լցնել սալաթամանի մեջ, ապա զարդարել հազարի տերևներով և կտրտած ձվով, մսով, վարունգով։

200 գ մսին՝ 4-5 կարտոֆիլ, 2 թարմ կամ թթու վարունգ, 2 ձու, 250 գ կանաչ ոլոռ, 150 գ մայոնեզ (կամ 100 գ թթվասեր), հազարը և աղը՝ ըստ ճաշակի։ Նույն կերպ պատրաստում են ձկով Ս.՝ միսը փոխարինելով նույն քանակության ձկով (խաշած կամ ապխտած)։

Ավելուկով Ս.: Չորացրած ավելուկը գոլ ջրով լվանալ, կտրտել, լցնել եռացող ջրով կաթսայի մեջ և եփել մինչև ավելուկի փափկելը, քամել փլավքամիչով և թողնել, որ հովանա, ապա նորից մանրացնել։ Սոխը և թաղանթը հեռացրած ընկույզի միջուկը կտրտել բրնձի մեծությամբ և ձեթով տապակել մինչև սոխի կարմրելը, ապա ավելացնել եփած և մանրացրած ավելուկը, վրան աղ ցանել, խառնել և տապակել։ Հովանալուց հետո ավելուկը լցնել սկուտեղի մեջ և վրան մանր կտրտած թարմ կանաչի ցանել։

200 գ չորացրած ավելուկին՝ 1 գլուխ սոխ, 1/2 բաժակ ընկույզի միջուկ, 2 ճաշի գդալ ձեթ. աղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Կանաչ լոբով Ս.։ Ծղոտաձև կտրտած, եփած և հովացրած կանաչ լոբու վրա ցանել աղ, պղպեղ, ավելացնել ընկույզի միջուկ, մաղադանոս, քացախ և զգուշությամբ խառնել։

500 գ կանաչ լոբուն՝ 1/2 բաժակ ընկույզի միջուկ, աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Բադրիջանի Ս .: Բադրիջանը լվանալ, ցամաքեցնել և խորովել, այնուհետև կեղևել, մանր կտրտել, ավելացնել ծեծած սխտոր ու խառնել։ Արևածաղկի ձեթը քացախի, աղի, պղպեղի հետ լցնել Ս-ի վրա և զգուշությամբ խառնել։ Բադրիջանի շուրջը շարել կտրտած պոմիդոր և վրան մաղադանոս ցանել։

500 գ բադրիջանին՝ 4-5 պոմիդոր, 1/2 բաժակ արևածաղկի ձեթ. աղը, պղպեղը, սխտորը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Կարմիր լոբով Ս.: Կարմիր լոբին ընտրել, լվանալ, լցնել սառը ջրի մեջ և եփել մինչև փափկելը, ապա քամել փլավքամիչով։ Հովանալուց հետո լոբուն ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրտած սոխ, գինձ, արևածաղկի ձեթի հետ խառնած քացախ և լավ խառնել։

500 գ լոբուն՝ 1 գլուխ սոխ, 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ, 3 ճաշի գդալ քացախ, աղը, պղպեղը, գինձը՝ ըստ ճաշակի։

Թարմ կաղամբով և գազարով Ս.։ Կաղամբը մանր կտրտել և տրորել աղով։ Թարմ գազարը քերել խոշոր քերիչով և խառնել կաղամբին։ Կարելի է ավելացնել մանր կտրտած կանաչի (մաղադանոս և նեխուր)։ Մատուցելուց առաջ համեմել քացախով և ձեթով կամ թթվասերով։

Հազարով Ս.: Հազարի տերևները լվանալ, ջրքամել, դասավորել սալաթամանի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ և թթվասեր։ Սամիթը կամ կանաչ սոխը կտրտել և ցանել հազարի վրա։ Կարելի է ավելացնել նաև խաշած ձվի շերտեր։

2 տրցակ հազարին (100-150 գ)՝ 1 ճաշի գդալ կտրտած սամիթ կամ կանաչ սոխ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 100-150 գ թթվասեր։

Նեխուրով Ս.։ Նեխուրը լվանալ, ընտրել, մաքրել արմատները, մանր կտրտել։ Աղ ցանել, ավելացնել խոշոր քերիչով քերած պանիր, համեմել թթվասերով կամ մայոնեզով։

600 գ նեխուրին՝ 200 գ թթվասեր (մայոնեզ), աղը և պանիրը՝ ըստ ճաշակի։

Պանրով Ս.: Հալած պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել կանաչ ոլոռ, մանր կտրտած խաշած ձու, աղ ցանել, ավելացնել մայոնեզ։

2 տուփ հալած պանրին (100 գ)՝ 1 բանկա (250 գ) կանաչ ոլոռ, 3 ձու. աղը՝ ըստ ճաշակի։

Խնձորով և կաղամբով Ս.։ Կաղամբը և սոխը մանր կտրտել, լվանալ հոսող ջրով (որպեսզի սոխը կորցնի կծվությունը)։ Խնձորը կեղևել և մանր կտրտել։ Խառնել կաղամբին, աղ ցանել և ավելացնել թթվասեր։

500 գ կաղամբին՝ 1 գլուխ սոխ, 1 խնձոր, 1/2 բաժակ թթվասեր, աղը՝ ըստ ճաշակի։