ՏՏՀ/Սանտեխնիկական սարքեր
ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, բնակարաններում և առանձնատներում տեղադրվում են հետևյալ Ս. ս.՝ ջրմուղի ծորակ, վենտիլ (փական), խառնիչ, լվացակոնք (լվացարան), լոգնոց, զուգարանակոնք, ողողման բաք, բիդե, պոմպ (հիմնականում գյուղական վայրերում)։
Վենտիլները տեղադրում են տաք և սառը ջրի խողովակների մուտքի մասերում (նորոգման և վթարի դեպքում փակելու համար), ինչպես նաև այգեգործական հողամասերի ջրամատակարարման գլխավոր գծերի ճյուղավորման հատվածներում (օրինակ, ճկափող միացնելու համար)։ Ծորակներն ամրացնում են խողովակների ծայրերին՝ ջրառման մասերում։ Վենտիլները և ծորակները բաղկացած են իրանից և վենտիլային գլխիկից։ Վենտիլի (նկ. 1) իրանն ունի պարուրակավոր երկու անցք՝ խողովակները միացնելու համար, իսկ ծորակի (նկ. 2) կոնաձև մասը պարուրակավոր մեկ անցք՝ ջրախողովակի ծայրին միացնելու համար։ Վենտիլը տեղադրում են այնպես, որ իրանին նշված սլաքի և ջրի հոսքի ուղղությունները համընկնեն։ Վենտիլների գլխիկները լինում են պտտական-համընթաց կամ հետադարձ-համընթաց շարժվող կափույրներով (նկ. 3)։ Երկրորդ տեսակի գլխիկների ռետինե միջադիրն ավելի երկար է ծառայում, քանի որ կափույրը միայն համընթաց շարժվելով միջադիրը չի քերում, այլ սեղմում է թամբին։
Փակ ծորակից կամ վենտիլից ջուրը ծորում կամ կաթում է, եթե կափույրի միջադիրը, կոթի պարուրակը, խցուկները, ինչպես նաև ծորակի և գլխիկի իրանների միջադիրը մաշված են։
Կափույրի մաշված միջադիրը փոխելիս փակում են համապատասխան խողովակի վենտիլը։ Մանեկադարձակով պտուտականում են վենտիլի գլխիկը և փոխում միջադիրը կամ նոր կափույր դնում։ Միջադիր չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել հաստ ռետինաթերթից կամ 3,5 մմ-ից ոչ պակաս հաստության կաշենմանակից։ Որպեսզի ծորակը չդռդռա, միջադիրի եզրերը մկրատով կտրում են 45° անկյունով (նկ. 4, ձախից)։ Մանրածակոտկեն ռետինը և պլաստմասսան միջադիրի համար պիտանի չեն։ Երբեմն միջադիրը պատրաստում են կաշվի մի քանի շերտից (միայն սառը ջրի ծորակի համար)։ Շերտերը կտրում են՝ միջադիրին տալով կոնի տեսք, որ տեղավորվի թամբի անցքում (նկ. 4, աջից)։ Այս եղանակը կիրառում են խախտված եզրով թամբի դեպքում, երբ հարթ միջադիրը կիպ չի նստում։ Միջադիրը կարելի է պատրաստել նաև ռետինե ներբանից։
Կոթից ջրի հոսելը վկայում է խցուկի խծուծվածքի մաշվածության մասին։ Խցուկը կիպացնելու համար մանեկադարձակով ձգում են ականոցը։ Եթե ականոցը մինչև վերջ ձգած է, իսկ ջուրը շարունակում է հոսել, ապա խծուծվածքը պետք է խտացնել կամ փոխարինել։ Դրա համար նորոգվող ծորակի վենտիլի կոթը հարկավոր է մինչև վերջ ներպատել, համոզվելով, որ խողովակի ջուրը փակ է։ Ծորակը (վենտիլը) փակելուց հետո պտտելով հանում են ականոցը կամ ագուցամանեկը, այնուհետև բզով կամ բարակ պտուտակիչով հանում մաշված խծուծվածքը և տեղադրում նորը: Խցուկի համար որպես խծուծվածք օգտագործում են վուշե առասան կամ պարկագործվածքի թել, ասբեստաքուղ, համապատասխան տրամագծի ռետինե խողովակի կտոր։ Առասանը փաթաթում են ժամացույցի սլաքի (ականոցի պտտման) ուղղությամբ՝ յուրաքանչյուր շերտը պտուտակիչով կիպացնելով։ Ջրակայունությունը բարձրացնելու համար առասանը կարելի է թրջել օլիֆով, արևածաղկի ձեթով կամ մեքենայի յուղով։ Խցուկի ակոսիկը պետք է լցվի այնքան, որ ականոցը պտտվի առնվազն 2-3 պարուրագծով։
Ագուցամանեկով վենտիլի խցուկը կարելի է կիպացնել ավելի պարզ, սակայն ոչ այդքան հուսալի եղանակով. վենտիլը փակել, ագուցամանեկը պտուտահանել (չհանելով կոթից), խցուկի ականոցից վերև փաթաթել առասանը, այնուհետև պտտելով հագցնել ագուցամանեկը։
Ջուրը կաթում է նաև, եթե քայքայված է կափույրի բույնը, և ռետինե միջադիրը չի նստում բնում։ Այս դեպքում միջադիրը ամրացնում են պտուտակով (եթե կափույրի պոչամասը պարուրակով անցք ունի) կամ փոխարինում կափույրը։ Որպեսզի միջադիրը հավասարաչափ մաշվի, կափույրն այնպես են պատրաստում, որ պոչամասը ազատ շարժվի կոթի անցքում (սահող կափույր) և գլխիկը հանելիս չընկնի։ Եթե կափույրը չի մնում կոթի վրա, ապա գլխիկը տեղադրելիս կափույրի պոչամասին վուշի (կամ սովորական) թել են փաթաթում, որպեսզի այն կիպ մտնի կոթի անցքի մեջ։ Մաշված պարուրակ ունեցող կոթով ծորակը (վենտիլը) ջուրը չի փակում։ Նոր գլխիկ և կոթ չունենալու դեպքում անհրաժեշտ է ժամանակավոր նորոգում՝ կափույրի մեջ պետք է տեղադրել 6-8 մմ հաստության միջադիր՝ կոթի պարուրակի չխախտված մասն օգտագործելու համար։ Եթե չկա համապատասխան հաստության ռետին, ապա կափույրի մեջ միջադիրի տակ մետաղե տափօղակներ են տեղադրում։ Անսարք կոթի դեպքում ծորակով (վենտիլով) ջրի հոսքը ժամանակավորապես փակելու համար կոթը պտտում են այնքան, մինչև ջրի հոսքը հասնի նվազագույնի, և այդ վիճակում ծորակի (վենտիլի) դարձանիվը պարանով կամ մետաղալարով ոլորելով կապում են իր իրանին։
Երբեմն ջրի հոսքի պատճառ է դառնում թամբի (ծորակի իրանի օղաձև ելուստը, որին սեղմվում է կափույրի միջադիրը) շուրթին առաջացած փոսիկը։ Արատավոր թամբով ծորակը (վենտիլը) փակելիս միջադիրը սովորականից ավելի ուժեղ է սեղմվում թամբին և շուտ մաշվում։ Թամբի ոչ խոր փոսիկները կամ սուր եզրը վերացնում են սովորական պտուտակիչով, որի ծայրը դնում են թամբի վրա և պտտելով քերում եզրը փոսիկի խորության չափով (նկ. 5, ձախից)։ Խորհուրդ է տրվում թամբը մշակել ձեռքի ճակատային ֆրեզով կամ գայլիկոնիչով (կամ շաղափիչով)։ Խոր փոսիկը վերացնում են թամբը ամբողջապես տաշելով կամ նորով փոխարինելով (որը պահանջում է փականագործի որոշակի հմտություն), հին թամբի անցքի մեջ մամլակցում են համապատասխան չափերի արույրե ականոց, որի դուրս եկած եզրը ծառայում է որպես նոր թամբ (նկ. 5, աջից)։
Խառնիչները լինում են ուղղաձիգ (հորիզոնադիր) և հորիզոնական (պատի) ծորակով։ Համարյա բոլոր խառնիչներն ունեն իրան, ծորակներով 2 կողամաս (միացած տաք և սառը ջրի խողովակներին) և ջրածորան (նկ. 6)։ Լոգնոցի խառնիչներն ունեն նաև ցնցուղ և փոխարկիչ (նկ. 7)։ Նկ. 8-ում պատկերված խառնիչը կողամասեր չունի, ծորակի գլխիկները տեղադրված են անմիջապես խառնիչի իրանին, որին միացվում են ջրատար խողովակները: Ցանկացած կառուցվածքի խառնիչների և սովորական ծորակների համար օգտագործում են նույն տեսակի վենտիլային գլխիկներ: Խառնիչների ու ծորակների արատները և դրանց վերացման եղանակները նույնն են:
Բոլոր խառնիչները (կենտրոնական տեսակի խառնիչներից բացի) ջրատար խողովակներին են միացնում ագուցամանեկով և փոխադրիչ ականոցով։ Խառնիչների ականոցները պատրաստում են թեթևակի կորացված, այնպես, որ մուտքի և ելքի անցքերի առանցքների միջև հեռավորությունը լինի 4-6 մմ (նկ. 9)։ Փոխադրիչ ականոցն անհրաժեշտ է, քանի որ ջրատար խողովակների առանցքների և խառնիչի կողամասերի առանցքների հեռավորությունները հաճախ չեն համընկնում։
Խառնիչը փոխելիս պետք է ստուգել փոխադրիչ ականոցների և կողամասերի միջև եղած միջադիրների վիճակը։ Չորացած և ճաքճքված միջադիրներն անհրաժեշտ է փոխարինել նոր 3-5 մմ հաստության և միջին կոշտության շերտավոր ռետինից պատրաստված միջադիրներով։
Ցնցուղ-ջրածորան փոխարկիչը գտնվում է խառնիչի իրանում և միացված է կողամասերին, ցնցուղին և ջրածորանին։ Առավել տարածված են կոնաձև խցանով խառնիչները։ Խցանը (սնամեջ մետաղե կոն) ծառայում է կողամասերից եկող ջուրը խառնելու և ցնցուղին ու ջրածորանին ուղղելու համար։ Խցանը տեղադրվում է խառնիչի իրանի կենտրոնի կոնաձև անցքի մեջ։ Խառնիչի հաճախ հանդիպող թերությունը ջրի միաժամանակյա հոսքն է ջրածորանից և ցնցուղից, որի պատճառը կոնաձև անցքի և խցանի մակերևույթի միջև եղած արանքն է: Խառնիչի աշխատանքը կանոնավորելու համար պետք է խցանը նորից կիպահղկել, խառնիչից հանած կոնի մակերևույթին քսելով հատուկ մածուկ, և, կոնը դնելով տեղը, փոխարկիչը մի քանի անգամ դարձնել։ Կիպահղկիչ խառնուրդ կարելի է պատրաստել նախապես մաղած ապակու փոշուց (70-80 %) և պարաֆինից (20-30 %):
Ցնցուղի հաճախ հանդիպող անսարքություններն են ջրի կաթոցը ցնցուղի փողի կամ ճկափողի և խառնիչի միացման մասից, ճկափողի ռետինե խողովակի պատռվածքը, ցնցուղի ցանցի խցանումը։ Եթե ցնցուղի փողի և խառնիչի միացման մասից (նկ. 7) ջուր է կաթում, փոխում են ագուցամանեկի տակի միջադիրը (ճկափողի մոտ) կամ ձգում միացնող մանեկը (ցնցուղի փողի վրա), կամ էլ ցնցուղի փողի պարուրակին փաթաթում են վուշե թել՝ միացումը կիպացնելու համար։
Ճկափողի ռետինե խողովակը փոխելու համար այն անջատում են խառնիչից, հանում բռնակով ցնցուղը, այնուհետև ռետինե խողովակի մի ծայրից հեռացնում են պլաստմասսայե ականոցը, խողովակը դուրս քաշում մետաղական հյուսվածապատվածքից, փոխարենը տեղադրում նորը, ձգում ծայրերի պլաստմասսայե ականոցները և ճկափողը միացնում ցնցուղին ու խառնիչին։
Երկար օգտագործելուց ցնցուղի ցանցը կեղտոտվում է, խցանվում։ Այն մաքրում են բզով կամ հաստ ասեղով, ապա լվանում ջրաշիթով։
Հաճախ հանդիպող անսարքություններից է ջրի վատ արտահոսքը լոգնոցից կամ լվացակոնքից, որն առաջանում է սիֆոնի կամ կողմնատար խողովակների խցանման կամ պատերին նստվածքի գոյացման հետևանքով։ Ոչ մեծ խցանումները վերացնում են վանտուզով՝ այն դնելով արտաթողման մասում այնպես, որ եզրերը կիպ սեղմվեն լվացակոնքի մակերևույթին (նկ. 10)։ Լվացակոնքի (լոգնոցի) մեջ այնքան ջուր են լցնում, որ վանտուզի ռետինե թասակը ծածկվի, այնուհետև կոթի մի քանի կտրուկ հրումներով ճկում թասակը։ Միաժամանակ թաց շորով խցում են գերլցումից պահպանող արտահեղման անցքը։ Երկբաժանմունք լվացակոնքի խցանումը մաքրելիս փակում են թե՛ արտահեղման, թե՛ մյուս բաժանմունքի արտաթողման անցքերը։
Մեծ խցանումների դեպքում անհրաժեշտ է լինում մաքրել սիֆոնը։ Առավել տարածված են պլաստմասսայե շշաձև և խողովակաձև սիֆոնները (նկ. 11)։
Շշաձև սիֆոնը մաքրելիս հանում են տղմազտիչը (տակի կափարիչը) և երկար մետաղալարով մաքրում սիֆոնի խոռոչը։ Ավելի լավ մաքրելու համար սիֆոնն ամբողջությամբ հանում են և լվանում տաք ջրով (շիթն ուղղում են հակառակ կողմից)։ Ռետինե կիպացնող օղակը ժամանակի ընթացքում ձևափոխվում է, ուստի նպատակահարմար է սիֆոնը հավաքելիս այն փոխարինել նորով։
Խողովակաձև սիֆոնը մաքրելու համար հանում են կափարիչը, կոշտ մետաղալարով մաքրում սիֆոնի ներսի պատերին նստած կեղտը։ Խորհուրդ է տրվում մաքրելու ընթացքում տաք ջրաշիթով լվանալ սիֆոնի ներսը։
Եթե սիֆոնը մաքրելուց հետո ջուրն առաջվա պես դանղաղ է հեռանում, նշանակում է կեղտոտված է կողմնատար խողովակը (լվացակոնքից մինչև կանգնակը), որը մաքրում են պողպատե ճկուն լարով կամ 4-5 մմ տրամագծի՝ փշոտ ծայրով պողպատե ճոպանով (նկ. 12)։
Ողողման բաքի հիմնական անսարքությունը ջրի մշտական հոսքն է բաքից դեպի զուգարանակոնք։ Այս անսարքությունն առաջանում է տանձիկի պատերի ձևափոխման (տանձիկը կիպ չի նստում թամբին) և տանձիկի ձգաձողի արգելակման հետևանքով (նկ. 13)։ Տանձիկի գնդաձև մասը ժամանակի ընթացքում կորցնում է առաձգականությունը։ Այս դեպքում հարկավոր է տանձիկը փոխարինել կամ հին տանձիկը կիպ խծուծել վուշաթելով, պարկագործվածքով կամ առասանով (սինթետիկ մանրաթելից)։ Եթե տանձիկի պատերը ձևափոխված չեն, սակայն հոսարանը չի փակվում, ապա տանձիկը ծանրացնում են՝ ձգաձողին հագցնելով մի քանի խոշոր մանեկ։ Ջրի հոսք կարող է առաջանալ նաև, երբ թամբը քայքայվել (ժանգոտել) է, և տանձիկը կիպ չի նստում թամբին։ Այդ դեպքում պետք է մաքրել թամբի ժանգի շերտը զմռնիտաթղթով կամ հատուկ ժանգազերծիչ միջոցներով։
Ձգաձողի ծռվածության կամ մակերևույթի խիստ քայքայման պատճառով նրա շարժումը կարող Է արգելակվել։ Ծռվածությունը վերացնում են ձգաձողը հանելով և հարթ տախտակի վրա մուրճով ուղղելով։ Քայքայված (ժանգոտած) ձգաձողը հղկում են զմռնիտաթղթով։ Երբեմն ձգաձողը և լողանավոր կափույրի լծակը կպչում են իրար, որի հետևանքով տանձիկը չի նստում թամբին։ Այս դեպքում լողանավոր կափույրի իրանը շրջում են կամ լծակը մի քիչ թեքում։ Ձգաձողը ծռել չի կարելի։
Ջրի հոսք է առաջանում նաև լողանավոր կափույրի վատ կարգավորված լինելու կամ անսարքության (միջադիրի մաշվածություն, թամբի եզրերի խախտում (նկ. 14) հետևանքով։ Բաքի մեջ ջրի լցվելը կարգավորվում է լողանի լծակի ճկումով։ Միջադիրը փոխելու համար կափույրի իրանից հանում են պլաստմասսայե կափարիչը, դուրս քաշում լողանավոր լծակի սռնին և հանում կափույրի կոթը, որի ծայրին ամրացված է ռետինե միջադիրը։ Միջադիրը փոխարինելուց հետո տեղադրում են կոթը, ամրացնում լծակը և հագցնում կափարիչը։ Թամբի թերությունները (փոսերը) վերացնում են նույն եղանակով, ինչ ծորակի կամ վենտիլի դեպքում։
Ջրթող լծակի սխալ դիրքը նույնպես կարող է բաքի հոսարանի վատ փակվելու պատճառ դառնալ։ Այս դեպքում ստուգում են լծակի ամրակապումը՝ բոլոր պտուտակները պետք է լավ ձգած լինեն, քառանկյուն թիթեղը ելուստով պետք է սեղմված լինի բաքի պատի փորվածքի ստորին մասին։ Եթե թիթեղը ճիշտ է տեղադրված, և պտուտակները ձգված են, բայց տանձիկը չի փակում հոսարանը, պետք է դիմել մասնագետի։