ՍԻՖՈՆ, ջրի, հյութերի և այլ խմիչքների գազավորման սարք։ Հերմետիկորեն փակվող կափարիչով անոթ է, որի մեջ լցնում են խմիչքը, ճնշմամբ միախառնում ածխաթթու գազ, որը մասնակիորեն լուծվում է խմիչքի մեջ՝ գազավորելով այն։ Չլուծված գազն անոթում ստեղծում է ավելցուկային (մթնոլորտայինի հետ համեմատած) ճնշում՝ ձգտելով դուրս մղել հեղուկն անոթից։ Ս-ի ծորակը բացող լծակը (կոճակը) սեղմելիս, խմիչքը հեղուկաթափ կարճախողովակով լցվում է բաժակի մեջ։

Արտադրվում են գնդաձև, գլանաձև, կաթիլանման և այլ տեսքի ապակե ու մետաղե անոթներով Ս-ներ։ Ապակե անոթներն ունենում են հաստ, դիմացկուն պատեր և ավելի մեծ անվտանգություն ապահովելու նպատակով ծածկվում են մետաղացանցով. տարողությունը մինչև 1 լ է։ Մետաղե անոթները պատրաստում են պողպատից, դրանց տարողությունը մինչև 2 լ է։

Լայն տարածում են գտել ավտոսիֆոնները, որոնք լցավորվում են գազով տնային պայմաններում, 10 սմ³ տարողությամբ բալոններից։ Դրանցում գազը պահվում է հեղուկացված վիճակում. բալոնի բկանցքը հերմետիկորեն փակված է ալյումինե խցանով։ Ավտոսիֆոնը գազով լցավորելու համար հարկավոր է բալոնը պարկուճաձև հատուկ հարմարանքով ամրացնել անոթի կափարիչին և խցանը ծակել պողպատե խողովակ-ասեղով, որի միջով գազը բալոնից անցնում է անոթի մեջ։ Բալոնն այդ դիրքում մնում է այնքան ժամանակ, մինչև ամբողջ գազավորված հեղուկն արտահոսում է անոթից։ Օգտագործված բալոնները տնտեսական խանութներում (կամ համախանութների տնտապրանքների բաժիններում) կարելի է փոխանակել նորերով՝ վճարելով միայն լցավորման արժեքը։