ՍՄԲՈՒԿ, բադրիջան, ՀՀ-ում մշակում են Ս-ի Երևանի տեղական և Երևանի 3 սորտերը։ Պտուղները երկարավուն գլանաձև են՝ բութ ծայրով, 18-25 սմ երկարությամբ և 4-5 սմ տրամագծով, գույնը՝ մուգ մանուշակաշագանակագույն, պայծառ փայլով։ Պտղամիսը նուրբ է, համեղ, սպիտակականաչավուն։ Ս. ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 13 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում, ցրտահարվում 0.5...-1 °C–ի տակ, իսկ +15 °C–ից ցածր ծաղկումը դադարում է։ Հողը պետք է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով։

Հողի նախացանքային մշակությունն ու սածիլման տեխնիկան, պարարտացումը, ժամկետներն ու խնամքը նույնն են ինչ տաքդեղինը: Սածիլելուց 65-70 օր հետո կատարվում է Ս-ի առաջին բերքահավաքը, որից հետո ծաղկումն ու պտղաբերությունը շարունակվում է մինչև աշնան ցրտահարություններն սկսվելը։ Ս-ի բերքը հավաքում են տեխնիկական հասունացման փուլում, երբ պտղի երկարությունը 15-20 սմ է, սերմերը դեռ չեն կարծրացել։