ՍՊԱՍ, թանապուր, թանով կամ ջրով բացած մածնով, ձավարով կամ բրնձով և զանազան համեմունքներով ապուր։

Ձուն ու ալյուրը խառնել, ավելացնել ջրով բացած մածուն (1:1) և մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով, եռման հասցնել։ Այնուհետև ավելացնել եփած ցորենի ձավար (եփուկով) կամ բրինձ, սոխառած, համեմ կամ դաղձ, խառնել և եռացնել։

1/2 լ մածունին կամ 1 լ թանին 2 թեյի գդալ ալյուր, 1 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ յուղ, 1/3 բաժակ ցորենի ձավար կամ բրինձ, 1 ձու. կանաչին և աղը՝ ըստ ճաշակի։

Սյունիքի Ս.։ Ցորենի կորկոտը լվանալ և եփել։ Ոսպը լվանալ, եփել։ Հովացած ոսպը խառնել կորկոտին։ Չորթանը բացել ջրով, ավելացնել ոսպի և կորկոտի խառնուրդին, դնել կրակին և, պարբերաբար խառնելով, եռման հասցնել։

Ս. մատուցել սառը՝ վրան համեմ ցանած։

100 գ չորթանին՝ 1 լ ջուր, 1/3 բաժակ ոսպ, 1/3 բաժակ կորկոտ, 2 թեյի գդալ ալյուր. աղը, համեմը՝ ըստ ճաշակի։