ՍՊԱՆԱԽ, Հայաստանում մշակում են հիմնականում Արարատյան դաշտում և լեռնային ու նախալեռնային շրջաններում։ Հիմնական սորտերն են Վիկտորիան և Շպինատայինը։ Չցողունակալած բույսի մատղաշ տերևներն օգտագործում են դիետիկ ու մանկական սննդում, քանի որ դրանք պարունակում են տարբեր վիտամիններ, հարուստ են հանքային աղերով և հատկապես երկաթով։ Ս. նաև լավ յուրացվում է մարդու օրգանիզմում, պարունակում է ենթաստամոքսային գեղձի և թքագեղձերի գործունեությունը բարելավող նյութեր։ Սպիտակուցների պարունակությամբ Ս. գերազանցում է շատ բանջարների՝ զիջելով միայն կանաչ ոլոռին և լոբու մատղաշ պատիճներին։ Ս-ի տերևները պարունակում են սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութ, հանքային աղեր, 85 մգ % կարոտին (A նախավիտամին), C (55 մգ %) և B խմբի վիտամիններ ևն։

Ս. առաջին բերք տալիս է վաղ գարնանը, երբ դեռ չկան այլ թարմ բանջարներ։ Այն պետք է հավաքել, երբ բույսն ունի 5-6 լրիվ զարգացած կանաչ տերևներ, ծլելուց 30-35, ցանքից 45-55 օր հետո։ Ս. չի կարելի հավաքել ջրելուց կամ անձրևից անմիջապես հետո, քանի որ այդ ժամանակ տերևները շատ փխրուն են և հեշտությամբ կոտրվում են։ 0 °C և 90 % օդի հարաբերական խոնավության պայմաններում Ս. պահում են մինչև 6 օր։

Ս. ավելի հաճախ օգտագործում են տրորած։ Այն քաղցրահամ է, ուստի ապուրներ եփելիս վրան ավելացնում են թրթնջուկ (տես Ապուր)՝. Ս-ից կարելի է պատրաստել բովահացով խյուս, տերևները տապակել ձվով։

Ս-ի աղցան. ընտրել, լվանալ, կտրտել, լցնել եռացող աղաջրի մեջ, եփել։ Այնուհետև քամիչով քամել և թողնել հովանա, լցնել սալաթամանի մեջ, համեմել (աղ, պղպեղ, քացախ)։ Առանձին մատուցել ծեծած սխտոր (կարելի է և սխտորով մածուն)։