ՓՈՇԵԾՈՒԾ, Փ-ի հիմնական աշխատանքային մասը օդածծիչ ագրեգատն է (կոլեկտորային էլեկտրաշարժիչից գործի դրվող օդափոխիչը), որն օդը Փ–ի պատյանի մեջ ներծծելու համար նոսրացում է ստեղծում մուտքի անցքի մոտ։ Բացի այդ, Փ-ի լրակազմի մեջ մտնամ է ծալքավոր ճկափողը՝ տարբեր գլխադիրների հավաքածուով։

Թողարկվում են հատակադիր, ձեռքի, ավտոմեքենայի Փ-ներ և խոզանակ-փոշեծուծներ (էլեկտրախոզանակներ)։ Առավել տարածված են հատակադիր ուղղահոս և մրրկային Փ-ները։ Ուղղահոս Փ-ներում փոշին և մանր աղբը, որոնք օդի հետ ներքաշվում են խոզանակ-գլխադիրի և ճկափողի միջով, նստում են լաթե զտիչի վրա։ Մաքրված օդը շրջահոսում է էլեկտրաշարժիչը (մասնակիորեն հովացնելով այն) և, չփոխելով ուղղությունը, օդափոխիչով և ելքի անցքով դուրս է գալիս։

Մրրկային Փ-ներում ներծծվող օդը, շրջահոսելով էլեկտրաշարժիչի ստորին մասը, ազատվում է փոշու ծանր և խոշոր մասնիկներից, այնուհետև անցնում է լաթե զտիչով, որի վրա նստում են փոշին ու մանր աղբը, և ապա օդափոխիչով դուրս է գալիս, ինչպես ուղղահոս Փ-ում։

Ձեռքի Փ-ները, որպես կանոն, ուղղահոս են և հատակադիր Փ-ներից տարբերվում են հիմնականում փոքր չափերով, զանգվածով ու հզորությամբ, ինչպես նաև Փ-ի լրակազմի մեջ մտնող գլխադիրների սահմանափակ հավաքածուով։

Ավտոմեքենայի Փ-ները կառուցվածքով նման են ձեռքի Փ-ներին և նախատեսված են գլխավորապես մարդատար ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը մաքրելու համար։ Ավտոմեքենայի Փ-ները սնվում են ավտոմոբիլի կուտակչից (լարումը՝ 12 Վ)։

Փ-ի կառուցվածքից կախված՝ կարող են օգտագործվել 1 կամ 2 լաթե զտիչներ, որոնցից մեկը սովորաբար լինում է վելվետոնից, երկրորդը՝ արտաքինը, միտկալից։ Ամեն անգամ, Փ. օգտագործելուց հետո, զտիչն անհրաժեշտ է մաքրել փոշուց, վելվետնե զտիչը լվանալ չի կարելի։ Անհրաժեշտ է հետևել, որ զտիչի էլեկտրաշարժիչին հարող մակերևույթը մաքուր լինի, այլապես զտիչի վրայի փոշին կաղտոտի էլեկտրաշարժիչը և Փ-ի աշխատանքի ժամանակ կտարածվի սենյակում։ Շատ Փ-ներ ունեն մեկանգամյա գործածման փոխովի թղթե զտիչներ, որոնք բնակարանը հավաքելուց կամ կահույքը, հագուստը մաքրելուց հետո դեն են նետվում՝ Փ-ի մաքրումը դարձնելով հարմար և հիգիենիկ։ Հատուկ ցուցիչը թույլ է տալիս հետևել զտիչի փոշելցմանը։

Տևականորեն օգտագործելիս Փ-ի աշխատանքի ամեն ժամից հետո, առանց էլեկտրական ցանցից անջատելու, հարկավոր է 10 րոպեանոց ընդմիջում տալ, որպեսզի էլեկտրաշարժիչը հովանա։ 250-300 ժամ աշխատելուց հետո ածխե խոզանակները համարյա լրիվ մաշվում են, ուստի հարկավոր է դրանք փոխարինել պահեստային խոզանակներով (միաժամանակ պետք է էլեկտրաշարժիչի խարսխի կոլեկտորը սրբել բենզինով թրջած շորով)։ Անեն մեկն էլ կարող է փոխել խոզանակները և սրբել կոլեկտորը, սակայն բարդ կառուցվածք ունեցող Փ-ի համար ավելի լավ է դիմել նորոգման արհեստանոց։

Ճկափողը հաճախ խցանվում է կոշտ աղբակտորներով։ Օգտագործելուց առաջ հարկավոր է ստուգել ճկափողը՝ միացնելով այն ելքի անցքի կցաշուրթին։ Ընդ որում, որպեսզի աղբը փոշու հետ չլցվի սենյակ, ճկափողի ծայրն անպայման պետք է մտցնել Փ-ի մուտքի անցքի մեջ։ Հատակադիր և ձեռքի Փ-ները սնվում են 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից, սպառվող հզորությունը 140-600 Վտ է։ Քիչ տեղ զբաղեցնելու նպատակով (առանձնապես փոքր բնակարանում) Փ-ի տուփի (փաթեթվածքի) ձևավորումը հարմարեցնում են սենյակի ինտերիերին, օրինակ, տալիս են փափկաթոռի տեսք, ինչպես «Ուրալ» և «Էլեկտրոսիլա» Փ-ներինն է։