ՕԴԱՓՈԽԻՉ, տարբերում են սեղանի, պատի, առաստաղի, սեղանի-պատի, ավտոմեքենայի, հատակադիր, ձեռքի, լուսամուտի և օդափոխման անցուղիների համար նախատեսված Օ-ներ։ Օ. բաղկացած է էլեկտրաշարժիչից, թևանիվից, հիմքին ամրացված կանգնակից (կամ տեղակայման հարմարանքներից) և ցանցին միացնելու լարից (երկժանիով)։ Թողարկում են օդի հոսքի ուղղության ավտոմատ և ոչ ավտոմատ փոփոխմամբ (շարժիչի իրանի շրջադարձի հաշվին) Օ-ներ։ Սպառվող հզորությունը 25-ից մինչև 50 Վտ է, մղվող օդը րոպեում՝ 5-ից մինչև 20 մ³։ Թողարկում են մեկ, երկու և երեք արագություններով Օ-ներ։ Կոշտ թևանիվներով Օ-ներն ունեն պաշտպանական ցանց։

Էլեկտրական ջերմաօդափոխիչը համակցված սարք է, որը բաղկացած է Օ-ից և էլեկտրաջեռուցիչ տարրից։ Վերջինս տաքացնում է Օ-ի ստեղծած օդային հոսքը։

Անհրաժեշտ է Օ. պարբերաբար մաքրել փոշուց և երեք ամիսը մեկ էլեկտրաշարժիչի առանցքակալները յուղել մեքենայի յուղով։