ՏՏՀ/Օդամաքրիչ կենցաղային

ՕԴԱՄԱՔՐԻՉ կենցաղային, գազօջախի այրոցներում գազի թերայրման վնասակար արգասիքներից, կերակուր եփելիս գոյացող ճարպի և մրի մասնիկներից խոհանոցի օդը մաքրելու, ինչպես նաև այրված կերակրի տհաճ հոտը վերացնելու սարք։ Օ. տեղակայվում է խոհանոցի կահույքի լրակազմի մեջ կամ ամրացվում պատին՝ գազօջախից կամ էլեկտրական սալօջախից 700-900 մմ բարձրության վրա։

Օդի հետ ներծծվող աերոզոլները և մեխանիկական խառնուրդները նստում են զտող նյութի (աերոզոլային զտիչի) վրա, այնուհետև կլանիչ-կատալիզատորի միջով անցնելով օդը գազամաքրվում է, իսկ միացած մանրէասպան լամպի (ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր) դեպքում նաև մանրէազերծվում։ Օդի ակտիվ շրջանառության շնորհիվ ջերմությունը հավասարաչափ բաշխվում է խոհանոցում, ինչը խոչընդոտում է պատերին գոլորշիների խտացմանը։ Օդը լավ մաքրելու համար խորհուրդ է տրվում կերակուրը եփելուց հետո Օ. 20-30 րոպե միացրած թողնել՝ անջատելով մանրէասպան լամպը։

Չի կարելի նայել միացված մանրէասպան լամպին, քանի որ լամպի բաց լուսարձակումը (երբ Օ-ի ներքևի կափարիչը հանված է) կարող է առաջացնել աչքերի այրվածք։

Օ-ի զտիչներն անհրաժեշտ է պարբերաբար (առնվազն վեց ամիսը մեկ) արհեստանոցում մաքրել նստվածքից։ Տանը զտիչները մաքրելու համար հարկավոր է բացել Օ-ի կափարիչը, հանել զտիչը և 2-3 ժամ պահել սինթետիկ գործվածքների համար նախատեսված լվացամիջոցների լուծույթի մեջ, ապա պարզաջրել, քամել առանց ոլորելու և չորացնել խոնավածուծ շորի վրա։ Չորացած զտիչը պետք է դնել Օ-ի կափարիչի վրա, սեղմել զսպանակիչ պահանգներով և կափարիչը տեղը դնել։

Կլանիչ կատալիզատորի վերականգնման համար հարկավոր է պլաստմասսայե պարկուճից այն լցնել մաքուր չոր տապակի մեջ և 3-3,5 ժամ պահել ջեռոցում 250-300 °C ջերմաստիճանում։ Կլանիչի տաքացման ընթացքում տհաճ հոտ է առաջանում, ուստի պետք է բացել խոհանոցի պատուհանը և փակել դուռը (առնվազն առաջին ժամվա ընթացքում)։ Մշակված կլանիչը հարկավոր է կրկին լցնել պարկուճի մեջ և տեղակայել Օ-ում: Իբրև կլանիչ օգտագործվող ակտիվացված ածուխը որոշակի ժամանակամիջոցից հետո հարկ է փոխարինել նորով։