ՏՏՀ/Ֆուրունկուլ
ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼ, չիբան, մազապարկի և դրա հետ կապված ճարպագեղձի ու վերջինս շրջապատող մաշկի սուր թարախային բորբոքում: Հարուցիչները թարախածին մանրէներն են։ Ֆ-ի զարգացմանը նպաստում են մաշկի մշտական աղտոտումը, ինչպես նաև դրա ամբողջականությունը խախտող վնասվածքները (կտրած վերքեր, քերծվածքներ, ճանկռվածքներ, հարուկներ), գերքրտնա- և ճարպարտադրությունը և այլն։ Ֆ. կարող է առաջանալ մաշկի ցանկացած մազածածկ հատվածում, հաճախ վզին՝ ծոծրակի շրջանում, դեմքին և գոտկատեղին։ Ֆ-ի վրա պետք է դնել ախտահանված թանզիֆե վիրակապ՝ իխթիոլով։ Բորբոքման հատվածը շրջապատող առողջ մաշկը հարկավոր է մաքրել կամֆորայի կամ սալիցիլային սպիրտով։ Ֆ. առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի, քանի որ որոշ դեպքերում պահանջվում է վիրաբուժական միջամտություն։ Չի կարելի Ֆ. սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, այդ թվում հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման։