Տաղանդ և բթամտություն
Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին։
-?
Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՜նչ բան է նա, ամո՜թ, խայտառակությո՜ւն և այլն[1]։
Անցնում են ամիսներ։ Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը - Մունե Սյուլլի հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան։ Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում։
Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին։
Ժամանակ է անցնում։ Երիտասարդին Փարիզում մի ընտիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք։ Երիտասարդը փայլուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Փարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրենց կարծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում...
Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին։ Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը... (Մուրճ, № 10—11, Սևյան, էջ 1578)։
Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչո՞ւ են այսպես երդված հակառակ կանգնել։
Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական։
Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը. նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները։ Աչքերն արյուն կոխած, հանդուգն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար։ Մի անգամ վրդովվել, վեր է կացել, այլևս դժվար է նրան զսպել։ Զղջում, ամոթ, խղճահարություն․․․ էլ ոչ մի բան ետ չի պահիլ նրան, մինչև զոհի շունչը չկտրի, չխեղդի, որ հանգստանա։ Եվ նա միշտ խեղդում է ու աշխատում է խեղդել․․․ Բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հանդիսանում ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա՝ այդ բթամտությունը, զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլված, հիացած աղաղակում է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում է, կեցցեներով ու պսակներով գալիս անամոթ ճակատով կանգնում, թե դու իմ կուռքն ես, և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան․․․
Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը։ Ո՛չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն և բթամտությունը։ Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորեղ ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ, ըստ ավանդության, աշխատում էր դեռ օրորոցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատներին շնորհքի նշան կունենային։ Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ։
Տաղանդը, կյանքի արահետը թողած, ձգտում է դեպի վեր։
— Խե՜նթը, խե՜նթը․․․ աղաղակում է նա. այծե՛ր ունի դա, այծե՛ր․․․ հե՛յ, հու՛յ, հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Տաղանդը իր ոգևորության մեջ բարձր հայտնում է իր կոչումը։
— Ա՜յ դու հանդուգն, լիրբ, անպատկառ, խելառ. վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ․․․ Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից։
— Հե՜յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք․․․ այստեղ տվեք, ո՞ւր եք տանում․․․ Օ՛, խայտառակությո՛ւն, վա՛յ, հարա՜յ, դա խե՜նթ է, դա խե՜նթ է․․․
― Սա տաղանդ է, հրճվանքով վկայում է հովանավոր ոգին։
― Օ՛, դու էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկանում․․․
Սակայն ոմանք արդեն շշնջում են– «Մե՛նք․․․ մենք նրան չենք տեսել․․․ մենք այծեր չէինք ասում․․․ մենք․․․ կայծեր էինք ասում․․․»։
Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել։
Տողատակեր
խմբագրել- ↑ Մունե Սյուլլի (1841-1916) – ֆրանսիացի նշանավոր ողբերգակ, որը հռչակվել է Փարիզում Օրեստի, Համլետի և Էդիպի դերակատարումներով