Տաղ Գրիգորիս կաթողիկոսի ասացեալ — մաքուր պատկերով նըման հրեշտակի

22


ՏԱՂ ԳՐԻԳՈՐԻՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՍԱՑԵԱԼ


Մաքուր պատկերով նըման հրեշտակի,
Անգին մարգարիտ յեռեալ ընդ ոսկի.
Սէթ ւ Արիսողոմ, Յովսէփ սըխրալի,
Անձամբ վայելուչ ի մէջ ամենի:

է՜ ղօնճայ տըհան, ծաղիկ նըռնենի,
Պըտղով բարունակ և դալար ոտի:
Դու քաղցըրհայեաց փըթթեալ վարդենի,
Արմաւ և շուշան և նըշդարենի:

Ուներդ է քաշած քան ըզթափած թուր,
Թարթափդ է քո թեք քան ըզնշտար սուր,
Սպանանես, գերես յօրըն հազար բիւր,
Զե՜հ հուսնա սարաթ ու զեհէ՜ սամպուլ[1]:

Դու նազուք տալուս և մըրդի թութակ,
Կարկաչող կաքաւ, գարնան ծիծեռնակ.
Պուլպուլ ու ղումրի՝ լատիֆ ա զիրաք,
Հօտհօտի սաբայ և փէքար մալաք[2]:

Ոսկի ի Հընդկաց, ակըն պատուական,
Շուրջ գամ ու փընտրեմ ըզքեզ անխափան.

Ես եմ քեզ խընդրող և վաճառական,
Ի բազում մըտաց ծածուկ ւ անկուման:

Նայեաց մէկ ընդ իս աչօքըդ մէստան,
Կամ քաղցրիկ խօսիր կամ տուը պատասխան,
Ճիկարում քէպապ, կօզում եաշի ղան,
Կէճայ ու կունտուղ ղըլարըմ ֆըդան[3]:

Սըբհ ու սահարսան, ուզուն նուր ու նար.
Թօքար աղզընտան նօպաթ ու շաքար[4],
Յով ոը դու նայիս և առնես նատար
Լինի քան ըզմոմ՝ պողպատ է թէ քար:

Սիրով լափեցիր ւ արիր զսիրտըս խոց,
Կու տապիմ ւ այրիմ որպէս ի հընոց.
Սըրտէս կու թափի յոլով հուր ու բոց,
Զայդ աստուածագիծ պատկերդ քո ինձ ցոյց:

Քո մէջքդ է բարակ քան գուռի վարոց,
Սպիտակ ատամունք՝ մարգարտէ շարոց,
Դու քաղցրատեսիլ և պըտուղ ծառոց,
Յայդ շիրին լեզուէդ տուր երկու զըրոյց:

Քան զշամբ եղեգան ելեր ես շիտակ,
Ուներդ է կամար որպէս զաղեղնակ.

Աչերդ է պայծառ որպէս ըզծովակ,
Ղարղ եղայ ի ներս ւ եղէ անճարակ:

Թարթափդ է խանչար, ինքըն՝ պողպատ զուտ,
Այտով զիս հարիր ւ արիր խարտ ու մուրտ.
Ամպի պէս ածիր ինձ սաստիկ կարկուտ,
Թէ ես մեռանիմ, քեզ շահ չէ, օգուտ:

Շրթանքըդ է քո լար, կըլափդ է ամպար,
Տաշխ և կինամոն նաֆայի թաթար.
Զըմուռ և հալվէ ու լալ ա ճօհար,
Զօհրայ, մուշթարի ւ արուսեակ պայծառ:

Վեր ես գընացեր քան ըզսինոբար,
Նըռնենի դըրախտ և սալվի չինար,
Լեզուդ է շիրին քան զՄըսրի շաքար,
Ի քո թըշնամոյն շլինքըն տապար:

Քան զգարնանային մանուշակ հոտով,
Որպէս քաֆուր վարդ պայծառ և գանով.
Ծագիս քան զարև յերկնից կամարով,
Զերդ ըզբոլորեալ լուսին ես լուսով:

Երբ որ կու շարժիս ոտօքդ ըռաւան,
Ուր որ դադարիս, այն տեղն է պօստան.
Հանց սիասաթով իջնուս քան ըզխան,
Դըրիր ըզգերիս զընճիլ ւ ի զընտան:

Խև Աղթամարցի՝ դու բարեաց անջան,
Ունայն թըզենի, փշաբեր անդաստան.

Թո՛ղ զսէբ աշխարհիս այս անցւորական,
Զի դառն ու լեղի է յոյժ անպիտան:

Անօրէնութիւնքըդ քո բարձրացան,
Որպէս բեռըն ծանր սաստիկ ծանրացան.
Երբ որ մըտանես ի հող ւ ի տապան,
Ապա աւաղես, դառնաս փոշիման:

  1. Ի՜նչ բարի երես ու ի՜նչ սմբուլ (պ.):
  2. Սոխակ ու տատրակ՝ քնքուշ ու ճարպիկ,
    Այգաբացի հոպոպ և պատկեր հրեշտակի (պ.):
  3. Սիրտն իմ այրված, արցունքս է հոսում,
    Գիշեր ու ցերեկ ողբում եմ ես (թ.)։
  4. Առավոտ ու այգաբաց ես, դեմքդ հուրհրան.
    Թափվում է բերանիցդ նաբաթ ու շաքար (թ.)։