ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՌԱՉԱՆՔԸ
Նվեր բարեկամական օրիորդ Մարիամ Ա<կիմյան>ին
Մի՞թե անհընար էր Եվրոպային
Կատարել համեստ կարիքը հային.
Նորան գըրաստի վիճակեն հանել,
Աստուծո պատկեր մարդոց շարք դընել։
5
Ասացեք, մի՞թե հայը չէ ազատ,
Մըշակել հարանց հողը հարազատ,
Ուր ամփոփված են (այդ խո չէ գաղտնիք)
Նորա նախնյացը սուրբ ոսկերոտիք։
Մի՞թե իրավունք չունի խեղճ հայ կին
10
Արգանդեն ծընած ծըծկեր զավակին
Հայի բառերով «նանի» երգելու
Ու նիրհ անուշիկ աչքին բերելու։
Եվ մի՞թե միայն հային չէ տված
Ունենալ հավատ, ճանաչել աստված,
15
Դողդոջուն ձեռքը երկինք կարկառել,
Հայի բառերով յուր պետքը խընդրել։
Տված չէ՞ միթե հային իրավունք
Ունենալ կընիկ, ունենալ աղջկունք.
Եվ ի սեր նոցա վարուց մաքրության,
20
Սուրը մերկացնել և կանգնել պաշտպան։
Ասացեք, երկրիս վըրա օրենք կա",
Որ հարյուր հայ մարդ չընդունվին վըկա.
|
|
Իսկ մեկ հատ տաճկի խոսքին ապաստան,
Իշխանը կըտրե կեղծի դատաստան։
25
Այսպես ասելը չէ՞ օրինավոր.–
«Թող Հայը լինի հայիս դատավոր,
Թող ինձ հայ բառով օրենք բացատրեն,
Թե մեղավոր եմ՝ վիզըս թող կտրեն»։
Մի՞թե կը լինի մեծ հանդըգնություն,
30
Կամ պատժի արժան ապըստամբություն,
Թե ասեմ՝ «Հացըս անուշ ձեզ, կերեք,
Այգիս մի քանդեք, արտըս մի էրեք»։
Քու մեջ, Եվրոպա, մարդիկ են ասում՝
Ավել իրավունք ունի անասուն,
35
Քան թե հայ ազգը՝ թըշվառ, հալածված...
Ասա, Եվրոպա, ունի՞ս դու աստված։
|
|
|
|