Տառապանք (Մատթեոս Զարիֆյան)
Տառապանք
Տխուր եմ նորեն
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Մե՛ծ հողակույտեր
Կարծես կը փորեն...
Պառկած եմ նորեն
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Թունավոր նետեր
Կարծես կը պարեն...
Ու ձեռք մը սառե
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Հին, թաղված վիշտեր
Նորեն կը քրքրե...
Ու նորեն կ’այրե
— Ինչո՛ւ, չեմ գիտեր —
Հոգվույս մեջ անտեր
Հավատքներըս ծեր
Այդ Ձեռքը սառե...
Ու թշվառորեն
Ես կուլա՛մ նորեն...