Գիշերամուտ


Օրը հատավ.
Երկնքին վրա,
Մայրամուտի ծիրանագույն հուրիներն իսկ,
Մութ ձեռքե մը կարծես հանկարծ դաշունահար,
Արյունելեն, արյունելեն նվաղեցան․․․
Օ՜, գրեթե գիշե՛ր է ալ.
Հոծ-հոծ ամպեր, գինովությունն իրենց թոթված,
Կարգավ-կարգավ կը հագնին,
— Պատվիրակները ըլլային կարծես մահվան —

Գիշերային իրենց մռայլ արշավին
Պարեգոտը անդունդի գույն․․․
Հեռուն, հեռուն, է՛ն հեռուն,
Հյուծախտավոր կապույտե մը ահա հուշիկ կը ծագի
Պզտիկ աստղս, ի՛մ աստղս.
Այն՝ որ նվեր եմ ստացեր,
Հին օրերուն,
Լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մեջ,
Տժգույն վարդի մը նմանող այն հոգիեն...
Իրավ, աղվո՛ր գիշերամուտ.
Հով մը չկա, հևք մը չկա.
Երա՞զ է...
Մեղկ ջերմություն մ’ահա հեշտին,
Համր-համր, այտերս ի վար կը տարածվի.
Արցո՞ւնք է...
Ուշ գիշեր է, ալ երթամ.
Ահա ճամբան՝ ուրկե եկա.
Մութ-մութ ճամբան, աշուն բուրող այդ ճամբան,
Որուն երկու եզրը հիմա հարկավ եկած, բռնած է,
Քրոջ մը պես տրտմագին,
Խաղաղությունը լքումին...

Ահ, իրավ է թե գիշեր է, երթամ, երթամ,
Հիվանդ բոցով իմ ճրագս վառելու.
Հետո նորեն, ինչպես ամեն իրիկուն,
Ցուրտ սեղանիս վրա ինկած,
Ու ճակատս ձեռքերուս մեջ՝
Մտածեմ...

Մտածեմ՝ խաղաղորեն ու անսահման բարությունով,
Տժգույն վարդի մը նմանող այն հոգիին՝
Որ լուրթ, մշուշոտ գիշերի մը անդորրին մեջ
Ինծի աստղ մը նվիրեց ու գնաց.
Գնաց, առանց ետ նայելու,
Ո՞ւր է հիմա, իրավ, ո՞ւր է.
Երա՛զ է.
Մեղկ ջերմությունն ահա նորեն դեմքըս կ’այրե.
Օ, արցո՛ւնք է, գիտեմ, հեղեղ մ’արցունք է
Զոր հոգիս դուրս կը թափե
Տրտմությունըս խաղաղությամբ օծելու.
Իրավ, իրավ, երա՜զ է...

Ճամբա իյնամ, ալ երթամ.
Ինչպե՜ս տժգույն եմ, երթամ.
Երթա՞մ, իրա՞վ, ո՞ւր երթամ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ դիմել նորեն
Անհուսությանը մենավոր այդ տնակին,
Ուր հուշեր լոկ, օձերու պես, կը բնակին
Չէ, չէ, չերթամ.
Տես, ի՛նչ անդորր գիշեր մ’է որ կը հոսի
Անհունաթյան ճամբաներեն...
Հով մը չկա, հևք մը չկա.
Պառկիմ, մեռնիմ քարի մը վրա...