Տեսնո՞ւմ ես որքան, որքան արագ…

* * *


Տեսնո՞ւմ ես, որքան, որքան արագ
Անցնում է բոլորն ու դառնում հուշ.
Այժմ ո՞վ է արդյոք գրկում զգույշ
Իրանըդ այնքան, այնքան բարակ։
Եվ ո՞վ է, ո՞վ է լսում անուշ
Խոսքերըդ սիրո, և սևորակ
Հուրերիդ խառնում մի նոր կրակ,
Արբած ջեռ փայլով աչքերիդ նուշ…

Ես ձմեռ օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար.
Եվ ի՞նչ մնաց ինձ այն լուսավառ
Օրերից… Հուշերդ մի ոլորուն
Եվ այս կարոտը, կարոտն անզոր,
Որ դառն երգում է գիշեր ու զօր…