Տխուր նոր տարի
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 101։
            Եղբորս՝ Անդրանիկին

Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,
Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն։

Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախի,
Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի։

Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկա։
Բայց թվում է՝ ուր-որ է, հենց հիմա կգա։

Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,
Եվ կարոտած տանս հետ կնստի հացի։

Կգա։ Սակայն անցնում է վայրկյանը նշված,
Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ։

Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով։
Լուռ անցնո՜ւմ են օրերս՝ տխուր ու մոլոր։

Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զուր,
Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ։

01.01.93, Ստեփանակերտ