Դժվար եմ կրում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Տղաներն, ահա)

Վարդան Հակոբյան

Այստեղ ուրիշ է
***

Տղաներն, ահա... Ո՜նց են շտապում,
Մեծանալիս էլ վռազ են ասես...
Հաճախ են նրանք առանձնության մեջ
Իրենց երեսի
Արդեն նահանջող աղվամազերը
Թաքուն բերկրությամբ, հրճվանքով շոյում,
Ածելիների շեղբին փորձելով՝
Շտապեցնում բեղ ու մորուսի,
Նոր շեշտեր դնում ձայնի մեջ անգամ...
Եվ մի ողջ ամիս անքուն կմնան,
Թե արդեն հասուն, խոնարհ մի աղջիկ
Տղամարդու տեղ դնելով իրենց,
Շեղ-շեղ նայել է,
         Ժպտացել շեղ-շեղ...
Իսկ աղջիկնե՜րը... Ո՞նց են շտապում,
Նրանք ավելի վռազ են ասես...
Հաճախ են նրանք հայելիներում
Հմայվում իրենց
Բարակ իրանի խաղ ու նազանքով,
Թաքուն հրճվանքով,
         Հայացքով նայում
Առագաստի պես բացվող կրծքներին,
Ժպիտների մեջ կրակ ձեւելով
Շտապեցնում օրերին անգամ...
Եվ մի ողջ ամիս անքուն կմնան,
Թե մի առնական, հպարտ մի տղա,
Նազելիի տեղ դնելով իրենց,
Նայել է խենթ-խենթ
         Ակնարկումներով...
Շուտ են մեծանում, մեծանում են շուտ,
Որ հետո, հեռու-հեռավոր մի օր
Արցունք-կարոտով մանկություն հիշեն...

Եվ մեծանալիս ո՜նց են շտապում...