Հնամաշ մի կառք, ոչ տանելի ճանապարհներով,
գիշեր-ցերեկ քաշում է իմ
եռաձին։
Ձիերի մասին։
Մեկը նա է, որով
սկսվում է երեքը։
Մեկը նա է, որով
թիվն ընթացք է վերցնում։
Մեկը նա է, որով
երեքն է լրանում։
Ձիերն անուններ ձեռք են բերել ճանապարհին։
Մեկի անունը Հիշողություն է, որ ացյալում
թողած արգելակներն անծանոթ չթվան՝ եթե հանդիպեն ապագայում։
Մեկի անունը Համառություն է, որ ճանապարհի
խոչընդոտներն ու քաղցր ելեւէջները ետ չհամոզեն։
Մեկի անունը թեեւ Երազ է, բայց իմ անունով եմ
շատ հաճախ կանչում նրան, որ ինձ հանկարծ չմոռանամ։
Ոչ տանելի ճանապարհ, հնամաշ մի կառք, գիշեր-ցերեկ
քաշում է իմ եռաձին։
Հ.Գ.
Մոռացա ասել. ձին, որի ճակատին երկնագույն նշան կա՝
ամենածանրաքարշն է, կենտրոնից է քայլում։
Ձին, որի ճակատին նարնջագույն նշան կա՝
քայլում է աջից, որ ճամփան ինքն իրենից դուրս չգա։
Ձին, որի ճակատին սերն է՝ վարդագույն նշան,
հասկանալի է, ձախից է քայլում։ Նրանց ոտնաձայները
իմ սրտի զարկերն են։
Իսկ վտանգի դեպքում՝ գետինը դոփում
ու խրխինջում ենք բոլորս միասին։
Ճանապարհը երկրի, երգի, ձիերի եւ իմ կենսագրությունն է: