Ցայգային երազանք
Ցայգային երազանք
Այն ժամուն, երբ գիշերը կ՚իջնե իմ անգույն ապակիներուս, երբ վերջին թռչունը կը լսե սա ծերացած ձիթենիին ճյուղերուն մեջ, այդ ժամուն ես կը դադրիմ ծխելե իմ հին բազկաթոռիս խորը։ Ձեռքերս կը լքեն ճակատս, և թախծոտ՝ իմ ետևես կը փակեմ դուռը․․․
Ո՞ւր կ՚երթամ։— Չե՛մ գիտեր։
Պարուրված մռայլ անդորրությամբ մը, համրորեն կը քալեմ դեպի հեռավոր տժգունությունները, ուր կը հուսամ գտնել բարեգութ քարեր, հանգչեցնելու համար գլուխս։
Բարձրաճակատ կը քալեմ կես ժամու չափ՝ այս վայրի ստվերներու մեջեն և հոգիս կը լեցվի դիակներու խաղաղությամբ:
Մեծ, շփոթ աչքեր կը բանամ, որոնք սակայն նայվածք չունին, որովհետև մտածումիս պարապին մեջ կը տիրե լռությունը աստղերուն։
Ձեռքերս սառած են:
Դիակներու նույն անդորրով կը դառնամ սենյակս, ճակատս կը դնեմ սառած ապակիներուն, բայց չե՜մ լար...