Ցավոտ գինարբուք


Իզո՜ւր աչքերս կը նային
Կապույտ, անդորր երկնքին,
Իզո՜ւր նվագն այս տարտամ
Կ’օրորե զիս.― պետք է լա՜մ...

Արցունք, արցունք այն աչքին,
Ուր զղջումներ կը հածին...
Ցավոտ հոգվույն երգն է թույն.
Ա՜հ, լռությո՜ւն, լռությո՜ւն...

Դիակի մը պես տժգույն,
Հեք՝ ինչպես է բուն անբույն,
Պետք է երթալ, մոլորիլ,
Ճամբուն վրա... Չմեռնի՜լ

Մահով մը վատ ու դյուրին,
Ուր ցավերը կը մարին,
Այլ տառապի՜լ ու խնդալ,
Իրիկուն մ՚ալ խենթենալ...