Ցորենների արտի վրա...
Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։
Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք[1],
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։
Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես — հրե մի մարդ — զոհ է անում։
Երկնից իջած հորիզոնի գծի վրա —
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա[2]։
Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։
Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք...