Ծերն հազալով, կղտալով,
Թույլ ծնկներին զոռ տալով,
Մեջքից ցախը վեր առավ,
Նստեց վրան՝ սուգ արավ.
— Ես տուն ունեմ,
Դուռ չունի,
Թոնիր ունեմ,
Խուփ չունի,
Ձյունն է ծածկել դռնակս,
Փայտն է մաշկել կռնակս.
Ես ծեր... անցած,
Տնով քաղցած,
Հա՜ մերկ, հա՜ զուրկ,
Տալիք ու տուրք,
Խարջ ու խարաճ,
Լեզուս է կարճ...
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ...
Ո՞ւր ես, սև մահ...
Էսպես ապրո՞ւստ:
Մին էլ պուպուստ,
Մահը թե՝ հա,
Ծերուկ, ի՞նչ կա...
— Արևդ վկա,
Ոչինչ չկա...
Ճաքած լեղին,
Մոմից դեղին,
Կմկմալով,
Լեզվին տալով,
Ծերուկն ասավ.
— Մինը չկար,
Որ էս փայտը
Շալակս տար:
Ապրես, տեսա՞ր,
Ինչ շուտ հասար:
Բան մի կարծի,
Փայտն ինձ բարձի,
Դու ետ դարձի: