Փառքի տենչը

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Փառքի տենչը


Երբ քո սիրով ու գըգվանքով հըմայված,
Ես քո առաջ լուռ ծունկ էի խոնարհած,
Եվ նայելով քո նազելի պատկերին՝
Խորհում էի, որ դու իմն ես, ո՛վ անգին.
Դու լավ գիտես, որ այդ քաղցրիկ ժամերում
Փառքի տենչը կուրծքըս իսկի չէր հուզում.
Դու լավ գիտես, որ այս ունայն աշխարհի
Աղմկահույզ կյանքից իսպառ հեռացած,
Պոետ անունն ինձ թվում էր տաղտկալի,
Որ կյանքի մեջ երկար կըռվեց վաստակած,
Ես խուլ էի և անտարբեր բընավին
Մարդկանց անվերջ և՛ գովեստին, և ծաղրին.
Եվ մի՞թե ինձ կարող էին, ո՛վ ընկեր
Հասարակաց ծաղր ու ծափը վըրդովել,
Երբ հայացքըդ սըրտիս խորքը թափանցած,
Եվ այնպես մե՜ղմ ձեռքըդ գըլխիս խոնարհած,
Դու քաղցրաձայն շըշընջալով ականջիս՝
Հարցնում էիր՝ «Ասա՛, ա՛յ իմ սիրելիս,
Բախտավո՞ր ես, սիրո՞ւմ ես ինձ անսահման,
Արդյոք երբեք էլ ուրիշին ինձ նըման,
Դու չե՞ս սիրել և ինձ չե՞ս տալ մոռացման…»
Իսկ ես… Ես լուռ, ես հազիվ հազ ինձ զսպած
Երջանկությունն ողջ էությունս պաշարած,
Կարծում էի թե այդ քնքուշ վիճակում
Էլ չեմ տեսնիլ երբեք ես դառն անջատում.
Կարծում էի կյանքն է՛լ չունի ապագա,
Եվ անջատման դաժան օրը է՛լ չի գա…
Բայց ի՞նչ եղավ… Ցավ, արտասուք ու տանջանք,
Ուխտի դըրժումն, նենգ զգացում, սև լուտանք,—
Այղ բոլո՜րը հանկարծ, խարխուլ շենքի պես,
Փըլչե՜ց գլխիս… Եվ, ո՜հ այժմ — ի՜նչ եմ ես,
Եվ ի՞նչ տեղ եմ։ Ահա մենակ ու լըռիկ,
Որպես ճամփորդ՝ որին դաժան փոթորիկ
Կաշկանդել է խուլ, ամայի մի վայրում,
Ես կանգնած եմ, և ամեն ինչ իմ աչքում,
Իմ չորս բոլոր մութ-խավար է երևում.
Եվ մի նո՛ր իղձ, մի նոր տենչանք այս ժամին
Բորբոքում են ու աղմկում իմ հոգին
Փառք եմ ուզում, որ անունըս փառավոր
Քո լըսելիքն ալեկոծե ամեն օր,
Որ ամեն տեղ, ամեն րոպե ու վայրկյան
Քեզ պաշարեն փառքն ու հըռչակն իմ անվան
Փա՛ռք եմ ուզում, փառք փափագում ես միայն,
Որ իմ համբավն քո չորս բոլոր բարձրաձայն
Օդ դըղրդի՜։ Եվ դու անդորր ժամերին
Լուռ ունկնդիր անսուտ, անկեղծ իմ ձայնին,
Հիշես, ինչպես դառն հրաժհշտ քեզ տալիս
Եվ տըխրալից մեր անջատումն ողբալիս,
Վերջին անգամ խոր գիշերին ես այգում
Քեզնից հուսով ջերմ սեր էի աղերսում…