Փարուանայի գիշերներից
ՓԱՐՈՒԱՆԱՅԻ ԳԻՇԵՐՆԵՐԻՑ.
Լեռան լանջին, ժայռի գրկին
Ես նստած եմ մեն-մենակ,
Շուրջս խաղա՜ղ... զովիկ քամին
Թլպլտում է սանձարձակ...
Թլպլտում է—խա՛ղ է անում
Քնաթաթախ բոյսի հետ,
Գգւում ծաղկին, համբոյր քաղում
Թերթիկներից հոտաւէտ:
Թլպլտում է—խաղ է անում
Փարուանայի ջինջ կրծքին,
Ծածա՜ն—ծածա՜ն ալիք հանում,
Որ քուն չգայ աչերին...
Ծեկծեկում է ու նազելով
Կոտրտւում է Փարուանան,
Ափին տալիս, հովին ժպտում
Երգ է երգում դիւթական...
Անցած փառքի երգն է երգում
Քաջի մահը անձնազոհ,
Ձայնակցում է նրան ձորում
Արձագանգը մտախոհ...
Եւ ծղրիտն է անվերջ ծղրում,
Աւերակի ծերպերից,
Չարագուշակ բուն է վայում
Խոժոռ ժայռի լերկ կրծքից:
Լեռան լանջին, ժայռի գրկին
Ես նստած եմ մեն-մենակ,
Ապրած փառքի լո՜ւռ մեղեդին
Հոգուս կը տայ արձագանք...