ԱՐԾԻՒԸ.


Հսկայ ժայռերի լանջին բարձրանիստ
Արծիւը հպարտ՝
Նստած էր հանդարտ.
Յոգնած թևերին նա տալով հանգիստ՝
Երկիրն էր դիտում
Մտախո՜հ, տրտո՜ւմ:

«Տխո՜ւր է որքան վարը՝ այն խորում.
Երկրում բովանդակ
Ծանր լըծի տակ
Հեծում են մարդիկ, տնքում բանտերում
Անազատ կեանքից,
Ճնշուած զրկանքից:

Ատում եմ նրանց՝ ե՛ս անբան թռչուն՝
Եթերի զաւակ.
Ազատ երկնի տակ
Ձայն ունիմ հզօր, ճիչերըս՝ հնչուն.
Երբէ՛ք չեմ սողում
Որպէս գա՛րշ սողուն...

Երբէ՛ք չեմ տեսել մարդուն բանաւոր
Բարձրունքներ շրջած,
Եւ ազա՜տ շնչած
Կապոյտ անհունի շունչը փառաւոր՝
Ինձ պէս սրարշաւ,
Թռիչքի ծարաւ...

Ի՞նչ կայ կեանքի մէջ այնքան ցանկալի,
Երբ՝ բաց թևերով
Օդը ճեղքելով,
Թռչում եմ հեռո՜ւ տենչով անձկալի
Ազա՜տ դէպի վեր՝
Հպա՜րտ, անվեհեր...»

Ասաց արծիւը... և թևատարած
Սլացաւ օդում.
Իսկ վարն՝ անդնդում
Ցուրտ տառապանքից լա՜յն, համատարած,
Խեղճ մարդն էր տնքում
Անիծուած կեանքում...