Քայլերիս մեջ ողոքում եմ ճամփաները իմ չանցած, -
Եվ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը գողանում է ինձ ինձանից,
Եվ ծաղիկը սրտիս վրա քամվող ցավ է ու խոստում,
Եվ տեսնում եմ, թե ինչպես է իմ արյունը ոգորում,
Եվ չեմ ների նրան, որ, ախ, իմը չեղավ, բայց իմն է։
Խորտակվել է երկինքը բիլ իմ խորքերում անհատակ, -
Եվ իմ դիմաց գլորվում են երկու անջուր տակառներ,
Եվ ինձ քեզնից դուրս են տանում անտիրական օրվա պես,
Եվ մրմունջ է դառնում պահս՝ արյան փայլից լերդացած,
Եվ երեսիս փակվող դուռը քո ժպիտն է, որ իմն է։
Աստված իջել ոտաբոբիկ ու շրջում է փշերին, -
Եվ աչքերս մարմրում են հույսի հանգչող ափերում,
Եվ շիկացած երակներս արյան վազքից սարսում են,
Եվ թեւերս, երկնի սովոր, հեծեծում են աղեկեզ,
Եվ տունը, ուր պիտի գնամ, իմ տունը չէ, բայց իմն է։
Ներս եմ մտնում եւ կանգնում անխոս, անբառ ցավիս մեջ, -
Եվ դռները դուրս են թռչում տան դռներով անկողպեք,
Եվ չքվում է առաստաղը, եւ երկինքը բացվում է,
Եվ երազը թեւս մտնում, ասում է՝ տար, տար ինձ, տար,
Եվ անհունից լույս է թափվում, աղջկություն, օրհնանք, սեր...