***

                 Խավարում, ցավերում քարանալ
                        Մեն միայն...
                                         Վ. ՏԵՐՅԱՆ
Քանի չես տեսնում՝ չես հիշի,
Կդառնամ մոռացված մի անուն.
Ոչինչ իմ մասին չի հուշի՝
Ոչ երգս, ոչ վերքը իմ անհուն։

Վայրկյանը կդողա իմ մահով,
Հետո... կժպտաս տխրաբեկ.
Կկառչես օրերին քո սահող՝
Անկայուն, վհատ, դյուրաթեք։

Ես մութ, անխոստում մշուշում
Կկորչեմ անդարձ ու լուռ։
Ժպտում է Մեկը խաժ մուժում,
Հանգչում են հուշերը անլուր։