Առուն անխոս է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երբ դու չես քայլում)

Վարդան Հակոբյան

Քանի չես տեսնում
***

Երբ դու չես քայլում, երբ ուրանում ես դու ինձ,
իմ քայլը չի երկրորդվում վերելքներում դժվարին,
եւ ճամփան դառնում է սուտ։
Երբ դու չես երազում, երբ ուրանում ես դու ինձ,
Իմ տենչանքները չեն ծաղկավորվում պահի մեջ,
եւ սիրտը դառնում է սուտ։
Երբ դու չես միանում, երբ ուրանում ես դու ինձ,
իմ թռիչքը չի կայանում իմ մեկ թեւով,
եւ երկինքը դառնում է սուտ։
Երբ իմ մեջ չես հստակվում, երբ ուրանում ես դու ինձ,
դաշտերով վազող բոլոր առուները շաղում են միանգամից,
եւ աղբյուրը դառնում է սուտ։
Երբ օտարում ես դու քեզ, երբ ուրանում ես դու ինձ,
ցավի ներսում բորբոսնում են ապրված-չապրված օրերը,
եւ աշխարհը դառնում է սուտ։