Նույն գլխարկի տակ կամ՝ ուղղակի ղարաբաղյան շուկա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Քարե անցորդներ)

Վարդան Հակոբյան

Աչքերս ինձ խանգարում են տեսնել
ՔԱՐԵ ԱՆՑՈՐԴՆԵՐ


Իր չափերով օրն այնքան է փոքրիկ,
որ ներսում բաժանող-հեռացնող տարածքներ չկան, եւ
թիթեռները, կամա-ակամա, զարմանալի մոտիկ են իրար։

Ասում են, ազատությունը չի կարելի
ծախել՝ ոչ մի
գնով։ Ֆիսկալներին ինչ՝ առանց գնի կարելի՞ է։ Մեզ հետ
մենք տանում ենք մի ճանապարհ, որը մեզ չի տանում։

Գաղափարը, որն ընդունվում է ծափով, նորույթից զուրկ է։ Մեղ-
սակցություն։ Հնոտիավաճառք։ Սրտաճմլիկ։ Կալի-
գուլան մահվան չդատապարտեր
Ժուլիաս Կանուսին (ուրեմն՝ կեցցե մահապատիժը),
Սենեկան հազիվ թե հիշեցներ Շատոբրանիին,
թե ինչպես կարող է մարդ
հանգիստ ու խաղաղ դիտել երկինք համբարձվող իր հոգին։

Քարե անցորդները հաջորդաբար
                                առաջնորդում են իրար։ Ցինկե
դագաղները Աֆղանստանից
հասնում էին մինչեւ Արփագետուկ։ Վայրկյան-
ների հիպերտրոֆիա։ Անտիֆրիզային սեր։ Մրջյուն,
սիրելիս, աշխարհի մեծագույն տիրակալ ու
                               տիեզերագետ անսխալ։

Սիրում եմ փուշը, իսկ
շոյանքներից զգուշանում եմ՝
ինչպես ջրածորակներին խառնված
կեղտաջրերից կամ՝ խայթոցներից երես առած մոծակների։

Քիրսի ծաղիկները դեռ չեն տեղավորվել ոչ մի անվան մեջ։